Իջևանյան խրոնոլոգիա. տուժած ոստիկաններ, փակ մայրուղի ու ոչ մի զիջում ցուցարարներին
Իջևանում փայտի գործով զբաղվող անձիք, որոնք պահանջում են անտառահատման արգելքի վերացում և արդեն հատված անտառանյութը, փակել են միջպետական ճանապարհը: Երեկոյան նրանց և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում, որի հետևանքով վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։
Ցուցարարները աչքի են ընկնում ագրեսիվ պահվածքով: Նրանց և ոստիկանների միջև բախումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ոստիկանները, որոնք փորձում էին պատ կազմել ու բացել ճանապարհը՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետվեցին:
***
Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեկնել է Իջևան: Նա բանակցում էր ցուցարարների հետ միջպետական ճանապարհը բացելու համար: Սակայն ժամը 01:00-ի դրությամբ ճանապարհը շարունակում էր փակ մնալ:
***
Ոստիկանությունից հայտնում են, որ տուժածներից 11 ոստիկան դիմել է հիվանդանոց բժշկական օգնության համար, մնացածի վնասվածքները աննշան են։
01:12
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը տեղեկացնում է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը բացվում է: Ճանապարհին կան մեքենաների կուտակումներ, այն գրեթե անանցանելի է։ Բազմաթիվ բեռնատարներ են կուտակված։
02:00
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ անօրինական ձևով բիզնես գործունեությունն անթույլատրելի է։
«Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը փակած ցուցարարների հետ որևէ անօրինական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Միակ պահանջը, որ իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար՝ 6000 դրամ 1 քմ համար», - ասել է Չոբանյանը։