Հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում նոր ու պատմական էջ է բացվել
Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից հայտնում են, որ ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ու հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչները՝ սակրավորներն ու բժիշկները:
Միջոցառման ընթացքում 100-ից ավելի սիրիացի կարիքավոր ընտանիքների բաժանվել են Հայաստանից Սիրիա հասցված նվերները, որոնք հավաքվել էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած ակցիայի արդյունքում: Սիրիական կողմը մեծ ոգևորությամբ նշել է, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում նոր ու պատմական էջ է բացվել, որի հիմքում մարդասիրությունն է: