26.11.2024
Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը. դեսպան
prev Նախորդ նորություն

Ավտոմեքենայով դիտավորյալ խախտումներ կատարելը կարող են որակվել որպես խուլիգանություն

Ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները կարող են որակվել որպես խուլիգանություն: Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ:


Նշվում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն:


Նշվում է նաև, որ ակնհայտ է, որ երբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ ճանապարհային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենայով դիտավորությամբ կոպտորեն խախտվում են երթևեկության կանոնները, ստեղծվում վթարային իրավիճակներ, տևականորեն խաչընդոտվում երթևեկության այլ մասնակիցների իրավունքները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, ինչպես նաև տեղանքում գտնվող քաղաքացիների նկատմաբ, արարքները պետք է որակվեն որպես խուլիգանություն և դրանք թույլ տվող անձանց գործողությունների քրեաիրավական գնահատականները պետք է բխեն այդ մոտեցումից:


Դեռևս 2015թ. հունվարի 14-ին, երբ գիշերային ժամի երկու անձինք Երևան քաղաքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ երկու ավտոմեքենաներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի քանի րոպե տևողությամբ մանյովրներ էին կատարել, ավտոմեքենաների արգելակների բարձր ձայներ առաջացրել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքում գտնվող շենքերի բնակիչների նկատմամբ և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ այդ անձանց մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով, իսկ վերջնարդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. մայիսի 15-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վերջիններիս նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:


Վերջին շրջանում ևս արձանագրվում են երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներով նմանատիպ դեպքեր:


Մասնավորապես Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում 2018թ. հունվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ քաղաքացին իրեն պատկանող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայով 2018թ. հունվարի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:10-ն ընկած ժամանակահատվածում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, դրսևորելով հանդուգն և սանձարձակ վարքագիծ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Վանաձոր քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները, չէր ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշաններին՝ ստեղծելով վթարային իրավիճակ և տարածքում գտնվող քաղաքացիների մոտ առաջացնելով խուճապ և տագնապ, նրանց նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:


Նշված հանցավոր արարքները կատարելու համար անձին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. նոյեմբերի 23-ի դատավճռով անձը ճանաչվել էր մեղավոր և նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ: Ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին: Բողոքը պատճառաբանվել էր նրանով, որ որպես խուլիգանություն իր պաշտպանյալի արարքները որակվել են սխալ, քանի որ երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցով կատարվող հակաիրավական բոլոր տեսակի արարքները, որոնք կապված են տրանսպորտային միջոցի վարման կարգի, երթևեկության սահմանված կանոններն այս կամ այն կերպ խախտելու հետ, հանդիսանում են զանցանք և առաջացնում են ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:


Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը 2019թ. ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ի թիվս այլ պատճառաբանությունների՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք կարող է արտահայտվել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ: Բացի այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է արարքները ոգելից խմիչք օգտագործած վիճակում կատարված լինելու հանգամանքը, ՀՀ վերաքննիչ դատարանը հատկապես շեշտադրում է կատարել այն իրողության վրա, որ նշված արարքները կատարվել են հասարակական նշանակության վայրերում, հասարակության անդամների ներկայությամբ, այդ գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջացել է խուճապ և տագնապ:


Դրա վառ դրսևորումներից մեկը 2019թ. մարտի 31-ին, առերևույթ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հասարակական կարգը խախտելով քաղաքացու կողմից «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում «դրիֆտի» միջոցով մի քանի րոպե տևողությամբ պտույտներ գործելու, այդպիսով երթևեկության մյուս մասնակիցների բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքն էր, որի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեկան օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով ներկայումս ընթանում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:


Իսկ նմանատիպ ամենաթարմ դեպքն արձանագրվել է հունիսի 8-ին ուշ երեկոյան, երբ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով ենթադրյալ «դրիֆտ» իրականացնելով երթևեկությանը խոչնդոտելու միջոցով հասարակական կարգը կոպտորեն խախտելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի: Այս դեպքի առթիվ ներկայումս առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր:


Հաշվի առնելով վերոնշյալ դրսևորումների հաճախակիացման փաստը՝ ՀՀ դատախազության կողմից խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ հատուկ հետևողականություն դրսևորել Ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններով նմանատիպ բոլոր դեպքերի հայտնաբերման և արձանագրման, դրանց բոլոր հանգամանքների և կատարող անձանց բացահայտման ուղղությամբ: Խնդիր է դրվել նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել նախնական քննության ընթացքում խուլիգանության հանցակազմն ամբողջացնող ապացույցների բավարար համակցությունն ապահովելուն, յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ դրանց համար մեղավոր անձանց արարքներին պարտադիր համարժեք քրեաիրավական գնահատական տալուն: