25.11.2024
Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր չափերի կաշառք են վերցրել. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն հետաքրքրված է ԵԱՏՄ աշխարհագրության ընդլայնման հարցում. վարչապետ

Աշխատանքայն այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:


Լիագումար նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:


Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.


«Այսօր Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության կարևորագույն ժամանակաշրջանում: Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:


Ո՞րն է այդ փոփոխությունների էությունը: Հակիրճ կարելի է ասել, որ դրանք ուղղված են մեր քաղաքական, պետական, տնտեսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:


Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական և բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք: Այս բոլոր դժվարությունները որոշակի ձևով խթանում են մեզ մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական գործողությունների:


Ի՞նչ է դա նշանակում մեզ համար:


Առաջին հերթին դա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ այդ առումով մեզ արդեն հաջողվել է շոշափելի արյդունքների հասնել։ Արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Երկրում նվազագույնին է հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։


Այնուամենայնիվ, մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ուղղությամբ գործողությունների ընթացքում մենք բախվեցինք մի հիմնարար խնդրի:


Երկրի դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր ճյուղերի, որտեղ ինստիտուտների օպտիմալացման հարցում կա որակական առաջընթաց, որևէ շոշափելի փոխակերպման չի ենթարկվել: Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության զգալի անկում է եղել: Եվ սա, իր հերթին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար:


Կապիտալի պաշտպանության, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը չեն բերի ցանկալի արդյունքի, եթե դատական համակարգը որակապես չփոխվի:


Հետևաբար, իսկապես անկախ, կոռուպցիայից ազատ դատական համակարգի ստեղծումն այսօր մեր հասարակության համար հրատապ խնդիր է և Հայաստանի կառավարության բարեփոխման ռազմավարության առաջնահերթություն:


Երկրորդն արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժի լիարժեք օգտագործումն է և միջազգային ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը: Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսան կենտրոններին:


Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը և Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը: Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը: Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման և մեր միության անդամների միջև ինտեգրացիան խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերում է նաև մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին:


Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ նշել, որ վերջին ամսվա ընթացքում այս երկրի հետ մենք հասել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի, որն առանցքային դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում:


Որպես ԵԱՏՄ անդամ, մենք կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի միջև: Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը: Դա բավական տրամաբանական է և ռացիոնալ:


Ես նաև հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում, նման համագործակցությունն իրագործելի է և նույնիսկ անխուսափելի:


Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման և իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որևէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով:


Երրորդը` պետության մարդկային ներուժի առավել արդյունավետ օգտագործումն է: Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողություններն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն: Եվ մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար:


Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ: Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք: Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը: Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը: Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց, և այսօր մենք ամեն ինչ անում ենք այդ ներուժը հնարավորինս համախմբելու և օգտագործելու համար:


Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ: Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը և նրա ամենախոստումնալից ոլորտը:


Կրթություն և նորարարություն, համագործակցություն և ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում և լավ կառավարում՝ ահա այստեղ մենք տեսնում ենք մեր հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել մեր ռեսուրսները և հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների:


Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղու վրա է: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9.2 տոկոսի: Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք ` հարստացեք և հարստացրեք»: