Մեր տնտեսությունն ունի լավ տրամադրություն. Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված
Այս տարվա առաջին չորս ամսվա տվյալներով, ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով ԱՎԾ հրապարակած տվյալներին:
«Ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի ամփոփված տվյալների հետ՝ ՀՆԱ 7,1 տոկոս աճ ենք ունենում: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունն ունի լավ տրամադրություն», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ կառավարության խնդիրն է հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունն ու կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել։
Փաշինյանը ներկայացրեց որոշ ցուցանիշներ. օրինակ, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ 13, 2 տոկոս, առևտրի շրջանառության աճ 9 տոկոսով, ծառայությունների ծավալն էլ աճել է 16,2 տոկոսով։ Եվ միայն շինարարության ոլորտում է աճը ավելի քիչ, քան ակնկալվում էր։ Բայց վարչապետը նշեց, որ լավատեսորեն է տրամադրված, ցուցանիշը կբարելավվի, որովհետև հիպոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի։
Անձամբ իր համար, ասաց Փաշինյանը, ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է.
«Մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ արտահանման իրավիճակի հետ կապված, որոշակի մտահոգիչ միտումներ կային և ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել», - ընդգծեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ վստահ է, որ այս դինամիկան հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա: