Զինծառայողների հիմնադրամ հազար դրամները միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են. Փաշինյան
Կամ ստվերից հարկային դաշտ եկած 50 հազար աշխատողները որեւէ ձեւով չեն արտացոլվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում, կամ ձեզ սխալ թվեր են ներկայացրել։ Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«ԵԽԽՎ-ում ձեր ելույթի ժամանակ հայտարարեցիք, որ 50-51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում։ Ինչպես գիտեք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում ամսական արտացոլվում են յուրաքանչյուրի համար հազարական դրամները, իմ ունեցած տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո՝ մինչեւ 2018-ի դեկտեմբերը ներառյալ, ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով, սա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է եկել ընդամենը 5026 աշխատող։ Հարկ եմ համարում նշել, որ արդեն մոտ 6451 քաղաքացի դիմել է հիմնադրամ՝ օրենքի շրջանակներում գումարը հետ ստանալու համար։ Կարծում եմ՝ ակնհայտ է բացասական դինամիկան։ Այսպիսով, կամ ստվերից հարկային դաշտ եկած 50 հազար աշխատողները որեւէ ձեւով չեն արտացոլվում հիմնադրամի մուտքերում, կամ Ձեզ սխալ թվեր են ներկայացրել»։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ աշխատատեղերի մասով թվերը չեն կարող սխալ լինել, որովհետեւ դրանք արտացոլված են ՊԵԿ եւ ԱՎԾ տվյալներում, նրանք են հրապարակել այդ թվերը։ Իսկ ինչ վերաբերում է հիմնադրամին՝ վարչապետն ասաց, որ դրա հետ կապված հավելյալ պարզաբանումներ կստանա՝ նշելով, որ նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա․
«Այդպիսի տեղեկություններ ես ստանում եմ պարբերաբար, որ հազար դրամները միշտ չէ եւ ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են, նույնիսկ ամբողջական ընկերությունների մասին են ասել։ Կառավարությունը, իհարկե, պետք է միջոցներ ձեռնարկի, որ դա ապահովվի»,-պատասխանեց Փաշինյանը։