24.11.2024
ՊՆ ներկայացուցչական ծախսերը 2018 թ-ին նվազել են 14%-ով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նիկոլ Փաշինյանը զգացել է իշխանության համը ու հարմարվել հին համակարգին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության եւ կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։ Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում՝ նախկինում արված հայտարարություններին հակասող օրինագիծ ներկայացնելու, իշխանությունն ընդդիմությանն էր մեղադրում՝ նախկինում թույլ տրված սխալների համար։ Բայց ընդդիմության ու իշխանության միջեւ այս բանավեճում իշխանությունն ակնհայտորեն պարտվում է, քանի որ, ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում, ասենք, մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլեւ անում է ճիշտ հակառակը։Խոսքը, մասնավորապես, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին է։ Դեռեւս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը՝ հատուկ Սերժ Սարգսյանի համար սուպերվարչապետական համակարգ ստեղծելու հարցում։


Այսօր՝ դրանից մոտ մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացնում է կառավարության կառուցվածքի մասին օրինագիծ, որը որեւէ կերպ չի սահմանափակում վարչապետի լիազորություններն ու նույն սուպերվարչապետական համակարգը։ Այսինքն՝ ընդդիմության մեղադրանքն այս հարցում միանգամայն տեղին է։ Իշխանությունն այս մեղադրանքներին, ըստ էության, որեւէ հակափաստարկ չի ներկայացնում, իսկ այն, ինչ ներկայացվում է՝ որպես հակափաստարկ, չափազանց վիճելի է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ զգալով իշխանության «համը», չի ցանկանում որեւէ հարցում նվազեցնել իր լիազորությունները եւ հարմարավետորեն տեղավորվել է այն համակարգում, որը ստեղծելու համար մեղադրում էր Սերժ Սարգսյանին եւ որի դեմ պայքարի արդյունքում, ի դեպ, եկավ իշխանության։ Բնականաբար, ընդդիմության կարգավիճակում հանդես գալը շատ ավելի հեշտ է, պատասխանատվության չափաբաժինն էլ շատ ավելի պակաս է, քան իշխանության պարագայում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, մասամբ՝ օբյեկտիվ, մասամբ՝ սուբյեկտիվ պատճառներով ստիպված է հրաժարվել նախկինում արված իր շատ հայտարարություններից ու խոստումներից։ Շատ ավելի ազնիվ կլիներ ուղղակի խոստովանել դա եւ ամեն անգամ ստիպված չլինել անհիմն փաստարկներ ներկայացնել անցյալի դիրքորոշումներից հրաժարվելու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը եւս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը: Նշենք, որ նա թավշյա հեղափոխությունից հետո` մինչեւ պատգամավոր դառնալը, եղել է ՊՎԾ պետի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան Ուլիխանյանը, սակայն, նշեց. «Ինձ այդպիսի ցանկության մասին չեն հայտնել, նման առաջարկ չեմ ստացել»։ Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն այդտեղից գնումների հետ կապված աղմկահարույց մի պատմությունից հետո ազատվել է: Ինչ վերաբերում է Սանասարյանին, ապա նա այսօր պաշտպանության կարիք ունի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը եւ նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։ Նախ, այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա եւ Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար, եւ սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։ Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ եւ պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին եւ վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանը ինչ որոշում է կայացրել»:


«Ժամանակ» թերթը գրում է. « Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար: Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության պարտավորությունները կարող են անցնել 40 մլրդ-ը: Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք գումարը, որովհետեւ եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, եւ հայտարարի իր սնանկության մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում, կհանվի աճուրդի, եւ դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները: Արդյունքում պետությունը կստանա ոչինչ, կփակվի մի խոշոր արտահանող ընկերություն, եւ գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ: Իշխանությունում սա կարծես հասկանում են, բայց հանուն արդարության վերականգնման պատրաստ են գնալ մինչեւ վերջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ նիստում քննարկվելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը: Էդմոն Մարուքյանը երեկ պարզաբանեց, որ կառավարության կառուցվածքի մասին կառավարությանն ուղղված իրենց հարցապնդմանը նախարարը «վիրավորական» եւ նույնաբովանդակ պատասխաններ է տվել։ «Հարցապնդման պատասխանը, կարծում եմ, վիրավորանք էր սահմանադրական մարմնի հասցեին։ Նմանատիպ պատասխան տալ 8-9 հարցի, կարծում եմ՝ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրի համար շատ վատ տարբերակ է։ Դա իր հետեւանքը պետք է ունենա»։ ԱԺ կանոնակարգը տալիս է այդ հնարավորությունը, սակայն իշխանությունը չի պատրաստվում հանձնել Ջանջուղազյանին»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են խմբակցության «գորշ կարդինալ»: Ըստ մեր աղբյուրների, նրա վրա է դրված կուսակցության քաղաքական գծի պատասխանատվությունը: Հենց դրանով է պայմանավորված, որ Հովակիմյանը հիմնականում ելույթ է ունենում բավականին լուրջ ու քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի վերաբերյալ: Նա հատկապես առանցքային դերակատարություն ունի հանձնաժողովների նիստերի քննարկումների ժամանակ. հաճախ Հովակիմյանի խոսքը հանձնաժողովների ՔՊ-ական նախագահների խոսքից ազդու է լինում: Հիմնական քաղաքական շեշտադրումների ու ելույթների բովանդակային պատասխանատուն նույնպես Հովակիմյանն է: Ի դեպ, շատերն այն կարծիքին են, որ դրա պատճառը ոչ միայն այն է, որ Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի հետ անցած երկար ճանապարհ ունի եւ հանդիսանում է նրա ամենավստահելի մարդկանցից մեկը, այլեւ այն, որ նա այս խմբակցության քիչ պատգամավորներից է, որը բավականին ադեկվատ է, հավասարակշռված եւ տիրապետում է իրավիճակին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը: «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանի են այդ կարգավիճակին»,-ասել էր վարչապետը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը»: 


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում եւ գրեթե չեն հերիքում»: Պատահական չէր, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճիշտ է՝ մեղմ, սակայն օպերատիվ ձեւով արձագանքեց: Ըստ էության, Սասուն Միքայել յանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում: Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտություն կա, ապա ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Մեր տեղեկությունների համաձայն, այս թեմայով վարչապետ Փաշինյանի հետ իր մտահոգությունները կիսել է նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երկուշաբթի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ, միմյանց նախազգուշացնելով, սպասել են, որպեսզի աշխատակազմի շենքից հեռանալուց հետո խորհրդարանում փակ հանդիպում անցկացնեն: Հանդիպման նեղ ֆորմատը որոշված է եղել «վերեւից», իրականացվել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի միջոցով: Ի դեպ, բացառապես տղամարդկանցով կազմակերպած հավաքին ինքը՝ Մակունցը, ներկա չի եղել։ Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ քննարկված հարցերի, եղել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մեկ դիտողություն եւ հանձնարարություն բոլորին: Կուսակցության առաջնորդից ստացած հանձնարարությունը բոլորին է ուղղված եղել։ Փաշինյանը հանձնարարել է «չթուլանալ գրանցած հաջողություններից եւ կարդալ, կարդալ ամեն օր եւ անընդհատ»: Այս հանձնարարության նախապատմությունը մի քանի օրենսդրական նախաձեռնություններն են եղել: «Իմ քայլի» որոշ պատգամավորներ որոշել են նախաձեռնողականություն ցուցաբերել, դիմել են կուսակցությանը, որպեսզի իրենց մտմտացած բարեփոխումների համար աջակցություն ստանան ու օրենսդրական նախագծեր ստեղծեն։ Բայց նրանց քայլերը կանխվել են առաջին իսկ փորձերից, քանի որ երիտասարդ պատգամավորներն ինչ-որ գաղափարների շուրջ մտմտացել են, ոգեւորվել ու չեն ստուգել՝ արդյո՞ք այդ իրավակարգավորումները չկային մինչ այդ՝ նախկին իշխանությունների օրոք: Ու որպեսզի այլեւս ավելորդ ժամանակ չվատնեն, այսուհետ նրանք պարտավոր են՝ «չթուլանալ գրանցած հաջողություններից եւ կարդալ, կարդալ ամեն օր եւ անընդհատ կարդալ»:


Բայց այս հանդիպման արդյունքներից ամենաուշագրավն «իջեցված» դիտողությունն է եղել: Ի դեպ, առաջին դիտողությունը վերաբերել է մեկին, ով այդ «թիմում» ի սկզբանե ներկա չի եղել: Թիմակցի նկատմամբ փոխված վերաբերմունքի պատճառն ինֆորմացիայի արտահոսքն է եղել, նա խմբակցությունից դուրս է հանել իրեն հասանելի դարձած մի բան, որի հետեւանքը, մեղմ ասած, ծանր է նստել մյուսների վրա: Խոսքը, ըստ նույն աղբյուրների, «Իմ քայլ»-ական պատգամավորներից մեկի մասին է, ով, թեեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, սակայն հեղափոխական ակտիվ միջոցառումների օրերին թիմին ինտեգրվելուց հետո հասցրել է քիչ թե շատ ազդեցիկ մեկը դառնալ քաղաքական թիմի ներսում: Եվ այսօր, վստահություն վայելող այդ անձը, փաստորեն, զրկվում է նեղ կուսակցական շփումների իրավունքից միայն այն պատճառով, որ չարաշահել է վստահությունն ու իրեն իրավունք է վերապահել խոսել թեմաներից, որոնցում այդքան լիազորություններ իրեն չէին տվել: Պատգամավորի անունը չենք հրապարակում զուտ այն պատճառով, որ նրա հետ դեռեւս մեզ չի հաջողվել կապ հաստատել՝ պարզելու համար, թե որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող այս տեղեկությունները։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն արդեն իսկ աջ ու ձախ բողոքում է, թե իր ինչի՞ն էր պետք հարգանք վայելող դիրքերը թողնել եւ օրենքներ կարդալու ծանր բեռի տակ ընկնել, ասել է թե՝ մի մանդատով նախկինում ունեցած վստահությունն ու ժողովրդական սերը փոխել է ոչնչի հետ, եւ չի բացառել, թե մանդատը մինչեւ աշուն վայր կդնի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի եւ Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարեւոր» հարցեր: Ինչպես բնորոշեց «Իմ քայլի» մեր աղբյուրը` հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել՝ ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորները, ինչ խոսեն, ինչ չխոսեն, ում հետ խոսեն։ «Չնայած հնչած հորդորին, որ մենք ազատ ենք, կարող ենք մեր կարծիքը հայտնել, այնուհանդերձ, կոնկրետ մարդկանց, օրինակ` Վիկտոր Ենգիբարյանին, Նազենի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին ասացին` պետք չէ ամեն ինչի մասին կարծիք հայտնել»: Սակայն իրական հասցեատերը եղել է Նարինե Թուխիկյանը, ով վերջերս անզգուշություն էր ունեցել պահանջել` փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքները։ Նրան ասվել է` պետք էր հասկանալ, թե այդ հայտարարությունն ինչ շղթայական ռեակցիա կարող է առաջացնել. «Դու ռուսներին հանել ես մեր դեմ»։


Ավելին` տեսակետ է հնչել, որ խնդրով անհանգստացած է եղել անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։ Հանձնարարվել է Թուխիկյանին` ոնց եփել է այդ ճաշը, այնպես էլ փորձի շտկել թույլ տված բացթողումը: Ի դեպ, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է` լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի: 3 ժամ տեւած հավաքի ընթացքում խոսվել է նաեւ հաջորդիվ կայանալիք ԱԺ նիստին ներկայացվելիք ՍԴ թեկնածուի մասին, ներկաներից մեկն ասել է` պետք չէ միանգամից մերժել, պետք է լսել, մերժման գործընթացը նուրբ իրականացնել: Էդգար Առաքելյանն էլ գտել է, որ պետք չէ մերժել նաեւ ընդդիմության բոլոր առաջարկները, ինչ է թե ընդդիմությունն է դա առաջարկում, որովհետեւ երբեմն բավականին խելացի-հետաքրքիր առաջարկներ էլ են լինում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռեւս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, եւ հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն: Անցել է երեք ամիս, եւ ըստ ոլորտի մասնագետների՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, գները շարունակում են մնալ կայուն բարձր: Հնարավոր է, որ իշխանությունը այդպես էլ չի կարողանում գտնել, թե ով է մենաշնորհի տերը, որպեսզի ազատականացնի շուկան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ կառավարությունը չի ներկայացրել կոնկրետ թվեր, թե օպտիմալացումների հետեւանքով քանի հոգի է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու: Իշխանություններն էլ վստահեցնում էին, որ կրճատումները միանգամից չեն արվելու: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց որ վերամիավորման ենթակա նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ու նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, այնուհետեւ բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով, ու այդ ժամանակ կլինեն բուն կրճատումները»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը որոշել է օրենսդրական ճանապարհով պայքարել քաղաքը աղտոտող ընկերությունների դեմ: Նա առաջարկում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենքում և ավելացնել մի դրույթ, ըստ որի՝ եթե իրավաբանական անձը աղբը թափում է առանց աղբահանության պայմանագրի, կամ աղբը հեռացվում է աղբահանության պայմանագրից դուրս վայրում, ապա տուգանվում է 100-150 հազար դրամի չափով: Սա արվում է պատժելու այն իրավաբանական անձանց, որոնք ինքնուրույն են կազմակերպում աղբահանությունը: Բայց նման իրավական նորմ սահմանելուց առաջ արժի, որ մի նորմով էլ պատիժ սահմանվի այն ընկերության համար, որը պարտավոր է աղբահանություն իրականացնել, բայց չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, այլապես կարող է այնպես ստացվել, որ իրավաբանական անձինք կարող են թաղվել աղբի մեջ և վախենան իրենց ազատել այդ աղբից, որովհետև իշխանությունը սպառնում է նրանց տուգանել»: