Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Տեղեկությունը հաստատել է ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը, հայտնում է Factor.am-ը:
«Մեզ մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: Մենք հիմնականում զբաղվելու ենք բեռնափոխադրումներով և միրգ-բանջարեղենի մթերմամբ: Մեկ տարի է, որ մեր գործունեությունը սկսել ենք, պատրաստվում ենք մթերել նաև Արարատյան դաշտից ապրանքներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Սպայկա» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, չի կատարել 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություն, հայտնել է մի շարք գյուղերից միրգ-բանջարեղեն չմթերելու մասին: Հարցին՝ ի՞նչ ծավալով է «Բեստ Ֆրութ» ընկերությունը մթերումներ իրականացնելու, տնօրենն ասաց, որ այդ մասին վաղ է խոսել, քանի որ դեռ շուկան լրիվ չեն ուսումնասիրել. «Անպայման մթերելու ենք, բայց թե որտեղից, ինչ՝ չգիտենք: Մեր սառնարանները «Սպայկա»-ի նման մեծ չեն, բայց որքան հնարավորություն կունենանք՝ կանենք: Ծավալների մասին կտեղեկացնենք»:
Հարցին, եթե 2018 թվականին է հիմնադրվել ընկերությունը, ինչո՞ւ նախորդ տարվանից մթերումներ չի իրականացրել, Արման Ամիրաղյանը պատասխանեց, որ շինարարական խնդիրներ են եղել, որոնք ավարտել են անցյալ տարվա ամռանը: «Հիմա համալրվում ենք, որ ամբողջ ուժով մտնենք շուկա»,- ասաց նա:
«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը սկսեցին ֆեյսբուքում գովազդել հայտնի օգտատերեր՝ գյուղացիներին ուղղորդելով համագործակցության: Տնօրենից հետաքրքրվեցինք, թե այս զուգադիպությունն ինչով է պայմանավորված, քանի որ ընկերության գովազդը ֆեյսբուքում տարածում են նաև ՔՊ-ի երիտթևի ակտիվ ներկայացուցիչները: «Մեր ընկերությունը մեկ շաբաթ առաջ է սկսել գովազդներ անել, իսկ «Սպայկա»-ի շուրջ աղմուկը եղել է երկու օր առաջ: Հիմա քանի որ վերջացրել ենք մեր աշխատանքները, մեր գովազդն ակտիվացրել ենք:
ՔՊ-ի անդամները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն տարածել, ինչպես ուրիշները: Ուրախանում են իրենց երկրի բարգավաճումով: Մենք էլ ուզում ենք աշխատել, հարկեր վճարել»,- ասաց ընկերության տնօրենը: Հարցին էլ՝ հիմա քանի՞ աշխատակից կա ընկերությունում, տնօրենը պատասխանեց, որ դեռ մի քանի հոգին են, բայց հետագայում ավելանալու են: Նա, միաժամանակ, հրաժարվեց հստակ ասել, թե որքա՞ն ներդրում են կատարել: