Որևէ սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում: Այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Mediamax.am-ին տված հարցազրույցում։
Նա նաշել է, որ հայ հասարակության շրջանում պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: «Պատերազմի ընկալումն, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, և նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում», - ասել է նա եւ խոսել վերջին ամիսներին միջնորդների՝ հայտարարած «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» թեզի մասին:
«Կարծում եմ՝ ձևակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված», - նշել է նա՝ հավելելով, որ սա թերևս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետևանք է:
Նրա խոսքով, խնդիր կա նաև այն առումով, որ «մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչև 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը»: «Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք», - ասել է նախարարը:
«Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարևան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն և չեն ունենալու», - նշել է նա:
Նախարարը նաեւ նշել է, որ ունի բավարար տեղեկություն և գիտելիքներ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ, որոնք «ինձ և Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը»: «Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում», - ասել է նա:
Նախարարը նաեւ անդրադարձել է վերջերս Նյու Յորքում իր արած աղմկահարույց հայտարարությանը, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: «Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում», - ասել է նա:
«Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում», - ասել է նա՝ հավելելով, որ A կետում՝ հանդիպելով սադրանքի, «մեր Զինված ուժերը հարված կհասցնեն B, C, D, E կետերում»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: