Փաշինյանի դոկտրինը. Արցախի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիա
Հայաստանը չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը նման քայլի գնա, ապա Հայաստանը նրան պարտադրելու է խաղաղություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյան-Տոնոյան տանդեմն այս օրերին կոշտացրել է ռազմական հռետորաբանությունն ու հստակ մեսիջ ուղարկել Ադրբեջանին ու նրա ռազմա-քաղաքական ղեկավարությանը՝ ՀՀ-ն ու Արցախը չեն ցանկանում պատերազմ, սակայն դա չի նշանակում, որ Երևանն ու Ստեփանակերտը պատրաստ չեն կամ վախենում են պատերազմից:
Ադրբեջանի ՊՆ-ն ու քաղաքական իսթեբլիշմենթը վերջերս կրկին անգամ հայտարարել են, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է ցանկացած պահի սկսել ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ադրբեջանական բանակը շարունակում է զորավարժություններ անկացնել, գնել նոր զինատեսակներ, ինչպես նաև ընդլայնել ռազմական կապերը Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի հետ, այսօր էլ ռազմական համագործակցության հուշագիր ստորագրվեց Սաուդյան Արաբիայի հետ:
Ինչ վերաբերում է հայկական կողմերին, ապա ՀՀ-ն ու Արցախը շարունակում են ամրապնդել առաջնագիծն ու փորձում ամրապնդել նաև թիկունքը: Այդ համատեքստում կարելի է դիտարկել նաև Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Դա մեսիջ է թե’ Մոսկվային, որ հայ-ռուսական ռազմական դաշինքին ոչինչ չի սպառնում, թե’ նաև Բաքվին ու Անկարային: ՌԴ-ի ռազմաբազան նպաստում է ՀՀ-ի ազգային անվտանգության ապահովմանն ու ապահովագրում է ՀՀ-ի արևմտյան սահմանն ու թիկունքը Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի պարագայում:
Դրան զուգահեռ ԵԿՄ նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը, ով պատերազմի վետերան է և հարգանք է վայելում ազատամարտիկների շրջանում, ինչպես նաև Փաշինյանի թիմի անդամ է, ինչը ենթադրում է պետության կողմից ավելի մեծ ուշադրության և ռեսուրսների տրամադրում ԵԿՄ-ին: ԵԿՄ-ն, ինչպես հայտնի է, պատրաստված ռեզերվիստների կուռ կոլեկտիվ է՝ պատերազմով անցած ջոկատների միավորում, որն օպերատիվ ռեզերվի դերակատարում կարող է կատարել ու ուղղվել Արցախի առաջնագիծ ու հայ-ադրբեջանական սահման՝ Նախիջևանի ուղղություն, Տավուշ և այլն:
Փաշինյանի հայտարարության մեջ նկատվում է ևս մեկ մեսիջ՝ Արցախի դեմ նոր պատերազմի դեպքում հայկական ուժերն Ադրբեջանին պարտադրելու են կապիտուլյացիա և ոչ թե ժամանակավոր հրադադար: Խաղաղության պարտադրումն ենթադրում է ադրբեջանական բանակի ջախջախում ու խաղաղության համաձայնագրի կնքում: