VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում տիրող քաոսային իրավիճակը փոխի կառավարության տրամադրությունները այս նախարարության ճակատագրի առումով: «Փաստ» թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել է, որ կառավարությունում դեռեւս վերջնական որոշում հստակ չկա՝ կապված կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ, եւ հենց դրանով է պայմանավորված, որ փոփոխությունների փաթեթը խորհրդարանում չի դրվում քննարկման: Ներկայումս ստեղծված «ցուգցվանգը» կարծես իշխանություններին ապացուցում է, որ մշակութային ոլորտն իրոք գերակա է պետության համար, եւ այնտեղ առկա հարցերը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել, մյուս կողմից՝ առանձին միավորը հազիվ է կարողանում «հասցնել» առկա խնդիրների հետեւից, ուր մնաց միավորված նախարարության պարագայում արդյունք ապահովեն: Ուստի, մեր տեղեկություններով, իշխանությունները քննարկում են նախարարությունը պահպանելու հնարավորությունը, սակայն այդ դեպքում արդեն Նազենի Ղարիբյանը նախարար չի կարող նշանակվել, քանի որ երկքաղաքացի է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը, որը տեղի է ունենալու ԱԺ-ում, թեման Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումն է։ «Իմ քայլում» խորը անտեղյակության մեջ են, թե ինչ են քննարկել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ չեն ձեռք բերվել Վիեննայում։ Երեկ բրիֆինգների ժամանակ էլ Ռուբեն Ռուբինյանն ու Անդրանիկ Քոչարյանը չեն կարողացել հստակ բացատրություն տալ հանդիպման մասին, հրավիրել են խմբակցության նիստ եւ ներքին որոշում ընդունել, որ չեն խոսի թեմայի շուրջ, քանի դեռ Փաշինյանի հետ չեն հանդիպել ու պարզաբանումներ չեն ստացել հանդիպման մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականները մեծ պատվիրակությամբ` Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան եւ այլք, մեկնում են Արցախ, կհանդիպեն արցախյան ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար: Գնում եք տեսնեք ի՞նչ է արվել, թե՞ «պատասխան» այց է «Իմ քայլի» արցախյան այցին։ «Բացարձակապես. նախ` Թալիշում բավականին գործ է արվել այս ընթացքում, եւ հետո` այցը վաղուց էր պլանավորված»: Արդեն ակտիվացե՞լ եք։ «Ավելի ենք ակտիվանալու»: Իսկ Սերժ Սարգսյանը ե՞րբ կխոսի։ «Կխոսի, երբ իրավիճակը թելադրի, կարծում ենք` մայիս-հունիս ամիսների միջակայքում, Քաղաքացու օրը թող տոնեն՝ նոր»,- ասաց ՀՀԿ-ականը»:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը փորձում էր Փաշինյան-Ալիեւ բանակցություններից հետո համանախագահների հայտարարության տեքստի մեջ գոնե ընդհանուր գծերով որոշակիորեն արտացոլել Նիկոլ Փաշինյանի նախապես տրված որոշ խոստումներ: Նաեւ դրա հետ էր պայմանավորված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «գաղտնի» այցը Մոսկվա, որտեղ նա փորձել էր ռուս համանախագահի միջոցով հայտարարության տեքստում որոշակի մեղմացուցիչ եւ առավել նպաստավոր թեզեր ներգրավել, քանի որ նման հայտարարությունների տեքստերը նախապես են պատրաստվում, սակայն` ապարդյուն: Արդյունքում, ըստ թերթի տեղեկությունների, վարչապետը խիստ դժգոհել է նախարարից: Ու թեպետ չի կարելի առաջին իսկ պաշտոնական հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ, առավել եւս՝ միանշանակ գնահատականներ տալ դրանց արդյունքներին, այդուամենայնիվ, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին «խոհանոցում» համարում են, որ Մնացականյանն իր առաջին լուրջ քննությունից, կարելի է ասել, «կտրվել» է»:
«Իրատես» թերթը գրում է. «Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը մշակույթի գործիչներին «շատ կուլտուրական ձեւով» հասկացրել է, որ հանգիստ նստեն տեղներն ու համակերպվեն որոշումների հետ: Տիկին Ղարիբյանի հետ հանդիպումներ ունեցող արվեստագետները վրդովված են` մաեստրո Կոստանտին Օրբելյանին Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը փոփոխության չի ենթարկվելու: Ավելին` գործընթացը շղթայական է լինելու ու տարածվելու է մշակութային մյուս հաստատությունների վրա: «Տիկին Ղարիբյանին հարցրինք` եթե իշխանությունների հետ չենք քայլել, ուրեմն պետք է հրաժե՞շտ տանք պաշտոնին: Նա դրական պատասխան տվեց, պարզաբանելով, թե նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ ստացած անձինք վտանգավոր են իրենց համար: Ընդգծեց, որ վստահելի մարդկանց են նշանակելու կարեւոր պաշտոններում, բացի այդ, նոր գաղափարներով, նորարարական մոտեցումներով մարդիկ են պետք»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Հետաքրքիր է` երկիրը քայլածների ու չքայլածների բաժանելու երեւույթը դեռ ինչքա՞ն է շարունակվելու: Քանի-քանի արվեստագետ, մասնագետ ու արժանապատիվ քաղաքացի է լքելու երկիրը, ինչ է թե նախորդ իշխանությունների ժամանակ է հրավիրվել աշխատանքի: Նույն տրամաբանությամբ կարելի է կենսաթոշակից զրկել այն տատիկ-պապիկներին, որոնց կենսաթոշակային տարիքը նախորդ իշխանությունների ժամանակ է լրացել, աշխատանքից ազատել մանկավարժների, զինվորականների, պետական համակարգի աշխատողների մեծամասնությանը, իսկ դեռ խորհրդային տարիներին աշխատանքի անցածներին գամել անարգանքի սյունին»:
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարը հրաժարական կտա՞, թե՞ չի տա»,- այս մտահոգությունն է առկա առողջապահական համակարգում։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալումը` կաշառք վերցնելու հիմքով, ցնցել է բժշկական աշխարհը։ Ավելին, մեզ հետ մասնավոր զրույցներում շատերը համոզմունք հայտնեցին, որ այս կալանավորմանը պետք է հետեւի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը. «Եթե այդպիսի բան լինի, ուրեմն կնշանակի, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվել է, իսկ եթե ոչ, ուրեմն հին ավանդույթները շարունակվում են»։ Հիշեցնենք, որ կաշառք վերցնելու փաստն առնչվում է պետպատվերի հատկացման հետ։ Ի դեպ, «Իրատեսի» թիվ 21-ում «Խտրականությանը պետք է վերջ դրվի» հոդվածում մենք անդրադարձել ենք պետպատվերի թեմային, նշելով, որ այս հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում։
Իսկ այս տարվա փետրվարին նախարար Արսեն Թորոսյանը, պարզաբանելով, թե ինչու նախկինում իր ղեկավարած «Мибис» համակարգչային տոմոգրամայի եւ «Յամերի» հետազոտման կենտրոնին 2019-ին երկու անգամ ավելի գումար է հատկացվել պետպատվերի համար, ասել էր, որ ինքն այլեւս այդ կենտրոնի հետ կապ չունի, եւ որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։ Այստեղ են ասել` առանց մեկնաբանության։ Նկատենք, որ պետպատվերի հատկացումը առողջապահության ոլորտում որեւէ փոխնախարարի իրավունքը չէ, եւ պետպատվերը հաստատում է նախարարը։ Ամեն դեպքում, այս պահին փաստը մնում է փաստ, որ առողջապահության նախարարը կամայական մոտեցում է ցուցաբերում ոլորտում, ինչը բժշկական շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել։ Նույն այդ շրջանակները փաստում են, որ շուրջ վեց ամիս է «Արմենիա» ԲԿ-ի ղեկավարն ընդունելություն է խնդրում Արսեն Թորոսյանից, սակայն ապարդյուն։ Բանը հասել է նրան, որ աշխատակիցները պատրաստվում են դիմում-բողոք գրելու վարչապետին։ Ի դեպ, նշվում է նաեւ, որ «Արմենիա» ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ նվազել են առողջապահության նախարարի «թեթեւ ձեռքով»։ Որքանով է այս տեղեկությունը հավաստի, փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Արարատի մարզպետարանում տեղի է ունենալու Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը: Պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, եւ Տարոն Գասպարյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է: Ըստ Արտաշատի մեր աղբյուրի՝ քանի որ մրցութային հանձնաժողովը ձեւավորվում է մարզպետի կողմից, մեծ է հավանականությունը, որ մարզպետ Սարգսյանը կփորձի անցկացնել իր թեկնածուին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Վերջինս, ի դեպ, այդ պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո. մի հանգամանք, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսպիսով անզիջում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում` ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք ամեն կերպ փորձում էին ծածկադմփոց անել նման դեպքերը փրկելու համար իրենց կադրերին: Փաշինյանի իշխանությունն, ընդհակառակը, չի փորձում քողարկել կատարվածը, եթե անգամ պատմության կիզակետում իրենց կադրն է: Այս բացահայտումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. կաշառք վերցնելու համար ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը, եւ սա այն դեպքում, երբ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է իր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին` ակտիվորեն հարձակվելով բժիշկների վրա, պարբերաբար նրանց մեղադրելով այդ արարքի համար: Ու քանի որ կատարվածի բացահայտման մեջ դեր է խաղացել նաեւ բժիշկը, կարելի է ենթադրել՝ սա բժշկական հանրույթի պատասխանն էր նախարարին, որ կոռուպցիոներներին փնտրի առաջին հերթին իր թիմում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլում» արտահոսքի հարցը վերջին շրջանում շատ լուրջ է դրված։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. գրեթե հարյուր պատգամավոր ունեցող ֆրակցիայից ինչպե՞ս կարող է արտահոսք չլինել, եւ հետո, «Իմ քայլում», ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր, «թեւեր, ոտքեր, ձեռքեր, մագիլներ, ճանկերն» այնքան շատ են, որքան չի եղել ՀՀԿ-ում քսան տարվա ընթացքում։ Կա Ավինյանի թեւ, որը ջերմեռանդորեն պայքարում է Վանեցյանի դեմ։ Ի դեպ, Ավինյանի սափրվելը լուրջ ակնարկ էր նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Կան Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի, Մհեր Գրիգորյանի «թեւեր»։ Իր հերթին «թեւավոր» խորհրդարանում, բացի սորոսականներից, կան նաեւ ինտելեկտուալներ, «տեղը չբերողներ» եւ «արտոնյալներ»։ Առկա են նաեւ «խղճուկները». վերջիններիս ոչ մի տեղ գործուղման չեն տանում, ու բոլորով համերաշխ ապահովում են արտահոսք` մեկը մյուսի դեմ: Ընդ որում, բոլորը բոլորին ուզում են «բռնել» արտահոսքի մեջ, որ «լինչի» դատաստանի ենթարկեն։ «Վերջին շրջանում հնարամտորեն սկսել են 10-10 հավաքվել` կարեւոր հարցեր քննարկելիս, որպեսզի հետո զտեն-հասկանան, թե արտահոսքն ո՞վ արեց»,- արտահոսեց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով-ՀՀ գլխավոր դատախազ փակ հանդիպումը բավականին հետաքրքիր է անցել: Մեխը եղել է հարցադրումը` հեղափոխությունից հետո որքան գումար է մուտք եղել պետբյուջե. Դավթյանն ասել է, որ դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ է ուղարկել, «այնտեղ բոլոր թվերը կան»: Հաջորդն առնչվել է Գյումրու ռուսական ռազմաբազայում գտնվող` հանցագործություն կատարած զինվորի հանձնմանը հայկական կողմին։ «Քննություն է ընթանում. այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»: Անի Սամսոնյանը հարցրել է` ինչպե՞ս է որոշվում, որ այս պաշտոնյան պետք է «մուծվի», ասենք` Սաշիկ Սարգսյանն ազատ ման գա, իսկ Մանվել Գրիգորյանը նստի։ «Տղավարի բացատրում եմ» արտահայտությունն օգտագործած դատախազին Մարիա Կարապետյանը հարցրել է` կին դատախազնե՞ր կան, ինչո՞ւ եք տղամարդկային մտածողություն սերմանում: Սերգեյ Բագրատյանն ու Սոֆյա Հովսեփյանը բողոքել են Վայոց ձորի ու Շիրակի մարզերի գլխավոր դատախազներից: Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով գործ կա՞, Դավթյանը պատասխանել է. «Խաչատրյանի մասով կոռուպցիոն խնդիրներ չկան. 3 գործ է հարուցված, սակայն հիմքեր չկան կալանավորելու»: Զոհրաբյանը շարունակել է հետաքրքրվել վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի մասին ռուսական ԶԼՄ-ների ռեպորտաժներով՝ չէ՞ որ «Վեստի-24»-ն անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն է խմբագրում: Դատախազը հարցը շրջանցել է հարցով. «Պաշտոնապես հաստատվա՞ծ է, որ Պեսկովն է խմբագրում «Վեստին». հազար բան են գրում, հաղորդում, ես չեմ կարող բոլորին պատասխանել»: Թագուհի Թովմասյանն էլ հարցրել է. եթե ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներն արդարացվեն, Դուք հրաժարական կտա՞ք: «Ո՛չ»,- ասել է Դավթյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչեւ այժմ այն որեւէ հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին` դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու։ Մասնավոր զրույցներում պատգամավորներից շատերը ենթադրում էին, թե այդ նախագիծը պետք է որ քննարկվի ապրիլի 15-ին մեկնարկող քառօրյայում, սակայն մինչ այժմ էլ որեւէ հանձնաժողովի նախագծերի բաժնում այն ընդգրված չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները կամուկացի մեջ են, թե ինչպես դասավորեն իրենց հնարավոր գործուղումները, որպեսզի ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ ԱԺ նիստում այդ քննարկմանը մասնակցեն։ Ընդ որում` խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք ամեն գնով որոշել են ներկա լինել նախագծի քննարկմանը, քանի որ շատ հարցերում համաձայն չեն եւ պատրաստվում են օգտագործել առիթը քննադատելու համար։ Այնպես որ, նախագծի քննարկումը թեժ է անցնելու»։
«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանի շենքը, վերածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք եւ պարոնայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավորությունը բոլորովին այլ է: Նորաթուխ օրենսդիրներն իրենց զգում են, ինչպես հանրակացարանում, երբեմն անգամ նրանց սենյակներից լսվող կչկչոցներից ու հռհռոցներից անգամ ԱԺ աշխատակիցներն ու լրագրողներն են վեր թռնում: Պատկերացրեք, օրինակ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունում է որեւէ դեսպանի կամ արտասահմանյան հյուրի հանձնաժողովում, իսկ ոչ հեռու սենյակում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երկրի առաջին աներձագ Հրաչյա Հակոբյանի սենյակում քեֆ-ուրախություն է այն աստիճան, որ ամբողջ միջանցքում իր եւ օգնականների ձայներն են թեւածում: Սակայն սա դեռ ամենը չէ, «կոմունալկա» հիշեցնող միջանցքներում էլ հաճախ «կուչկված» իշխող քաղաքական ուժի տղերքն են, որոնք սկսում են դեսից-դենից «գյալաջի» անել ու հռհռալ: Այսպես էլ անցնում են օրերը Ազգային ժողովում՝ կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր գրել էր, թե Երեւանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի խաղողը մթերելու է նախորդ տարվանից 10 դրամով թանկ: Նախ նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանը մասնավոր ընկերություն է, եւ նրա որոշումը չի կարող կառավարության կամ վարչապետի ձեռքբերում համարվել: Բացի այդ, անցյալ տարի էլ տարեսկզբին նույն գործարանը գյուղացիներին խոստացել էր խաղողը մթերել 20 դրամով ավելի թանկ՝ 160 դրամով, բայց աշնանը խաղողը փաստացի մթերեց 140 դրամով, ինչը հարուցեց գյուղացիության դժգոհությունը, եւ նրանք ի նշան բողոքի՝ ճանապարհներ փակեցին, բայց կառավարությունը եւ նրա ներկայացուցիչները ոչնչով չկարողացան օգնել գյուղացիներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռեւս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։ Տեղեկություն կար, որ Սասուն Միքայելյանը հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ մեկ շաբաթ առաջ հանդիպել է կոլեկտիվի հետ, սակայն ջերմ վերաբերմունքի չի արժանացել եւ, մտերիմների կարծիքով, հնարավոր է հրաժարվի այդ մտքից։ Առայժմ ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն է։ Մանվել Գրիգորյանն էլ ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր, ումից հրաժարվեց ֆեդերացիան՝ անցած տարվա հայտնի դեպքերից հետո»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նկատելի են որոշ ապրանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: Մասնավորաբար, թանկացել է «Բեկոն» ընկերության մսամթերքը: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապրանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շահագրգռելու միտումով: Ըստ էության, մեծածախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը` ավելացել: Գնի «թանկացած» մասն ամբողջությամբ մնում է վաճառողներին (հասանելիք տոկոսից բացի), որպեսզի վերջիններս սպառողի հաշվին առավել շահագրգռված լինեն վաճառել հենց տվյալ ֆիրմայի մսամթերքը»: