24.11.2024
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Վիեննայում
prev Նախորդ նորություն

Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Կառավարությունը հավանություն է տվել օրակարգում ընդգրկված 2 զեկուցվող և 5 չզեկուցվող հարցերին:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ 352,226.5 հազար դրամ հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հանրապետության կրթական համակարգում գործում են «Արմաթ» ինժեներական 2 60 լաբորատորիաներ՝ 304 խմբակավարներով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային (տարածքային) համակարգողներ: 2019 թ. ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162 հատով: Խմբակներում և լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին կապահովվի առկա լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, նոր լաբորատորիաների ներդրումը: «Բայց մեր ուղերձը կլինի՝ ինչպես բոլոր մնացած ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, մենք գործընկեր կազմակերպության հետ մեր համագործակցությունը կշարունակենք բնականոն ձևով, բայց կառավարությունը բաց է նաև այլ առաջարկների համար: Այդ նոր առաջարկների տրամաբանությունը, դրանց ֆինանսավորման և գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»,- ասել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև կրթության ոլորտում կան հրատապ լուծման կարիք ունենող խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է չմտածված որոշումներ կայացնել. «Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկները և գանք դրանց հիման վրա եզրակացությունների»:


Կառավարության ղեկավարի խոսքով՝ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևողական, մտածված քայլեր:


Վարչապետը ընդգծել է, որ կոռուպցիայի, ընտրակեղծիքների դեմ պայքարը նաև կրթական համակարգում պետք է տեղ գտնի:


«Սրանք չափազանց բարդ հարցեր են, բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից պետք է հրաժարվենք կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվելուց: Այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են մեր պետության, հանրության ապագան։ Երրորդ հանրապետության պատմության մի մեծ շրջանում մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ ընդունված չէր, որ իշխանությունն իրական հարցերը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ քննարկի: Մենք պե? ?ք է այդ կուլտուրայից դուրս գանք: Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում: Հակառակ դեպքում մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական: «Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ ուշ, թե շուտ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»- նշ ել է Նիկոլ Փաշինյանը:


«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը նախատեսված է հատկացնել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Մինչդեռ մինչև 2018 թ. ներառյալ վերոնշյալ ծրագրի իրականացման համար գումար է ծրագրվել և հատկացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող երեք մարզական հասարակական կազմակերպությունների՝ «Հայաստան», Հայաստանի «Սևան» և Հայաստանի «Դինամո»: Ներկայումս այս 3 կազմակերպություններն ունեն 22 մարզադպրոց, որտեղ մարզվում է ավելի քան 5000 սան:


Ընդ որում՝ տարեսկզբից չխախտելով ուսումնամարզական պրոցեսի անընդհատությունը հասարակական կազմակերպություններում սաները շարունակում են անցկացնել իրենց պարապունքները: Հաշվի առնելով տարիներով ձևավորված ավանդույթը և ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագրված գումարներն առաջին կիսամյակում հատկացնել այս հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:


Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, նշել է, որ մարզադպրոցների մի մասը ԿԳ նախարարության համակարգում է, մի մասը՝ Սպորտի նախարարության, մի մասն էլ՝ համայնքապետարանների ենթակայության կամ մարզական միությունների ենթակայության ներքո է: Կառավարության ղեկավարի խոսքով, դա լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:


Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ այժմ ծրագիր է մշակվում մարզադպրոցների՝ միասնական, աշխատանքային քարտեզ գծելու համար. վերջնական տարբերակը պատրաստ կլինի 3-4 ամիս հետո։


Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև մարզական դահլիճներին, որոնք տրվում են վարձակալության: Վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ նույնպես անհրաժեշտ է գույքագրում իրականացնել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ տոկոս են կազմում այս կարգի գործարքները և գործարքներն ինչքանո՞վ են ստվերային, ինչքանո՞վ են իրական: Ինչքանո՞վ է պայմանագրում արձանագրված հենց այն գումարը, որը դե ֆակտո իրականում վճարվում է, և ինչքանո՞վ է այս պետական ենթակառուցվածքը ծառայում, այդ թվում՝ պետական մարմնակրթական քաղաքականությանը, որը շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Դպրոցների տարածքների վարձակալության իրական պատկերը հասկանալու համար վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ ուսումնասիրություն անցկացնել և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն այդ մասին: