Թուրքական Gazeteduvar լրատվական կայքը գրել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանից պահանջել է Հայաստանի հետ սահմանակից նահանգները հանձնել ազգայնական ուժերին՝ «հայամետ» քրդական ուժերին հաղթելու հնարավորությունից զրկելու համար։
Թուրքիայում այս ամսվա վերջին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, և ինչպես թուրքական լրատվամիջոցն է նշում է՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Կարսում և Իգդիրում թեկնածուներ չի առաջադրելու, այլ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) թեկնածուներին։
Թուրքիայում ադրբեջանցիները հիմնականում բնակվում են նախկինում հայաբնակ Կարս, Իգդիր, Էրզրում քաղաքներում, այսօրվա հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ Նախիջևանի Ինքնավար Մարզի հարևանությամբ:
Ադրբեջանական գործոնը Թուրքիայում կատարում է մի քանի ֆունկցիա:
Նախ, Անկարան ադրբեջանցիներին օգտագործում է, որպես հակակշիռ տեղի քրդերին: Արևելյան Անատոլիայի հիմնականում քրդաբնակ շրջանների էթնիկ դեմքը փոխելու և քրդաբնակ շրջաններում սեփական ազդեցության լծակներն ունենալու համար թուրքական կառավարությունը հենվում է ադրբեջանցիների վրա:
Բացի այդ, Թուրքիայի համար կարևոր է, որպեսզի հայ-թուրքական սահմանի երկայնքով ունենա հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված էթնիկ էլեմենտ՝ ադրբեջանցիներ, որպեսզի ՀՀ-ն ադրբեջանական վտանգ զգա նաև իր արևմտյան սահմաններից:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի շահերին, ապա Բաքուն ցանկանում է ՀՀ-ն շրջափակել բոլոր կողմերից ադրբեջանցիներով՝ պանթուրքական, պանազերիական ռազմավարությունից ելնելով:
ՀՀ-ի հարավում՝ Իրանի հյուսիսում, նրանք աջակցում են տեղի ադրբեջանցիներին, տրամադրելով նրանց հայերի դեմ: Վերջերս Իրանի հյուսիսում ադրբեջանցիները հայկական դրոշ են այրել և հնչեցրել «Ղարաբաղն Ադրբեջան է» կոչերը:
ՀՀ-ի հյուսիսում, վրացական Քվեմո-Քարթլիի շրջանում, նույնպես հիմնականում բնակվում են ադրբեջանցիներ (նրանք այդ շրջանն անվանում են Բորչալու): Այսպիսով, Ադրբեջանը ցանկանում է, օգտագործելով դեմոգրաֆիան, անակոնդայի սկզբունքով շրջապատել ՀՀ-ին և Արցախին: Դա քաղաքական, ռազմական ճնշմանը զուգահեռ նույնպես կարևոր լծակ է:
Կարսում բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ են, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի երկու քաղաքները՝ Բաքուն և Կարսը փաստացի գտնվում են ադրբեջանական «հսկողության» տակ: Չմոռանանք, որ ժամանակին խոսվում էր նաև Կարս-Գյումրի երկաթծի բացման մասին՝ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակահատվածում: Այդ երկաթծի վերագործարկման դեպքում նույնպես Կարսում գտնվող ադրբեջանցիները գործելու էին հայերի, հայկական բիզնեսի դեմ:
Վերջերս սկսեց խոսվել նաև Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի շինարարության մասին: Կարսում, Իգդիրում և Նախիջևանում բնակչության հիմնական մասը նույնպես ադրբեջանցիներ են, դրանով Բաքուն այդ կարևոր լոգիստիկ միջանցքների հսկողությունն իրականացնում է տեղական ադրբեջանցիների կողմից, որոնք ճնշման միջոց ու լծակ են Բաքվի ձեռքում՝ ՀՀ-ի արևմտյան սահմանների երկայնքով: