ԱՄՆ Խաղաղության կորպուսի «կամավորական դեսանտը» ժամանեց Հայաստան
Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի միացյալ նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը: Այս մասին հայտնում են Ամերիկայի միացյալ նահանգների Խաղաղության կորպուսի մամուլի ծառայությունից:
Հայաստան ժամանած բոլոր կամավորները Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են, որոնք որոշում են կայացրել իրենց կյանքի երկու տարիներն անցկացնել Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին և կաշխատեն հասարակական կազմակերպություններում:
Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ: Հայաստանում գտնվելու առաջին երեք ամիսների ընթացքում կամավորները կշարունակեն սովորել հայոց լեզուն և մշակույթը, որից հետո՝ մայիսի 31-ին, տեղի կունենա կամավորների հանդիսավոր երդման արարողությունը, և կսկսվի նրանց ծառայությունը Հայաստանի բոլոր մարզերում:
Կամավորները ապրում են հայ ընտանիքների հետ առնվազն վեց ամիս և իրենց ծառայության ընթացքում չեն ստանում աշխատավարձ: Որոշ կամավորներ ապրում են հայ ընտանիքների հետ իրենց ծառայության ողջ ընթացքում:
«ԱՄՆ Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղություն և ընկերություն ամրապնդելու նպատակով: Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992թ.-ից ի վեր՝ Հայաստանի կառավարության հրավերով: Մինչ օրս Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր:
Ներկայումս Հայաստանում ապրում եւ աշխատում է 71 կամավոր. 37 նորեկները միանալու են նրանց։