Ստամբուլում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը
Այսօր Ստամբուլում 63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Պատրիարքը մահացել է Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:
Այս մասին հաղորդում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: «Բնական մահով է մահացել: Առաջնաուղեղի բջիջները մահանում էին, հիշողությունն աստիճանաբար կորցնում էր, սիրտը կանգ առավ և մահացավ: 10 տարվա հիվանդության բնական հետևանքն էր»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը պատմեց, որ լուրի մասին դեռ պաշտոնապես չեն հայտարարել, միայն ժողովրդին են տեղեկացրել: «Հիմա գնում ենք հիվանդանոց մարմինը եկեղեցի բերելու համար: Մեր ժամանակով ժամը 4-ին եկեղեցական արարողություն ենք անելու: Նրա մարմինը կմնա եկեղեցում մինչև հուղարկավորելը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նա 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: