Եվրոպայում ձերբակալվել են ադրբեջանական անձնագրերով PKK-ականներ
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր, «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հաղորդաշարի հեղինակ Գանիմաթ Զահիդովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի անձնագրային գլխավոր բաժանմունքից 10 աշխատակից աշխատանքից հեռացվել է այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջանի անձնագրեր վաճառելու պատճառով:
Ինչպես հայտնում է ermenihaber.am, ուշագրավ է, որ Զահիդի հավաստմամբ՝ Ադրբեջանի անձնագիր ստացած օտարերկրացիների թվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մեծ թվով անդամներ, որոնց մի մասը՝ Իրաքից: Ըստ նույն տեղեկության՝ նշված «քաղաքացիները» նախ պահվել են Բաքվի «Ռամադա» հյուրանոցում, այնուհետև՝ ուղարկվել Եվրոպայի երկրներ: Տեղեկությունը բացահայտվել է հենց Եվրոպայում, որտեղ պարզել են, որ նշված անձանց անձնագրերը կեղծ են:
Ի դեպ, Ռամադա հյուրանոցը պատկանում է Ադրբեջանի նախագահի թիկնազորի պետ Բեյլար Էյյուբովին: Գ. Զահիդը նշում է, որ նախկինում Ադրբեջանում PKK-ի անդամներին անձնագրեր տրամադրելու գործը վերահսկում էր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, իսկ նախարարության կազմալուծվելուց հետո գործը ստանձնել է Բ. Էյյուբովը՝ անմիջապես Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: