VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշաագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլեւ Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց: Համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել: ԱՆ մամլո խոսնակն այս լուրն անվանեց «իրականությանը չհամապատասխանող», սակայն մեր աղբյուրները պնդում են լուրի իսկությունը: Ինչ վերաբերում է ԱՆ երկու փոխնախարարներին` Սուրեն Քրմոյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, մեր տեղեկություններով` Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ցանկանում են այս երկու պրոֆեսիոնալ փոխնախարարների պաշտոնում տեսնել իրենց ներկայացուցիչներին` անցումային արդարադատության ապագա ինստիտուտի լիարժեք գործունեության համար պլատֆորմ ունենալու նպատակով: Ի դեպ, կառավարության մեր աղբյուրներն էլ պնդում են, որ միտում կա շրջվելու դեպի նախկին կադրերը։ Ավելին` չեն բացառում, որ մինչեւ փետրվար գլխավոր դատախազը կփոխվի, նոր դատախազի տեղակալների անուններ են հնչում, ասենք` ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանի անունը, որն այս պահին աշխատում է Դատական դեպարտամենտում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բոլոր գրասենյակներում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել եւ հայտարարվել է, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում: Ղեկավար կազմի ցուցումով հայտարարվել է, թե քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլեւս վնասով է աշխատում, իրենք հարկադրված են տեսուչների համար աշխատանքային նոր ռեժիմ սահմանել, մինչեւ Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի: Իսկ նոր ռեժիմը նշանակում է՝ կրկնակի բաժանորդների ցուցակների վերանայում. յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությունը մարում է սպառած գազի վարձերը, տեսուչները պարտավոր են վերջնական ցուցակներում զտել մնացորդ թողած բաժանորդների ցանկը եւ վերադառնալ տուն առ տուն՝ պահանջելու կոպեկներով մնացորդը: Ի դեպ, սրանք հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով եւ թղթադրամներով մուտք անելիս՝ զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամները վճարել: Պարզվում է՝ այս դրամների հանրագումարն էական նշանակություն ունի այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանից մատակարարվող գազի գնի վերաբերյալ պայմանագիրը, եւ հունվարի 1-ից 1 խմ-ի համար 15 դոլարով թանկացած գազի ծախսը ռուսական կողմը որոշել է կոմպենսացնել ստացած եկամտի հաշվին, մինչեւ կողմերը նոր պայմանագիր կկնքեն: Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ վճարումների դեպքում մինչեւ հազար դրամի հասնող մնացորդն իրականում արձանագրվում է անձի վարկային պատմության էջերում՝ աքռայում, ինչը կարող է խոչընդոտող հանգամանք լինել բանկային գործարքների եւ այլ դեպքերում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվեց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը, որի վրա գրված են իր անունն ու «պատգամավոր» բառը։ Նա քննադատություններից պաշտպանվելու համար մատնացույց արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե ինչու չեն քննադատում նրան՝ նման բաճկոն կրելու համար։ Վերջինիս բաճկոնի վրա էլ գրված են նրա անունը եւ «ԱԱԾ»։ Երեկ մենք Վանեցյանին հարցրինք, թե ումն է անվանական բաճկոնի գաղափարը, եւ ինչու է ինքը կրում։ «Ես որոշել եմ փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը, իսկ այն անվանական բաճկոնն ԱԱԾ նոր՝ փորձնական համազգեստն է։ Առաջնահերթ փոխվելու են սահմանապահ զորքերի հսկիչ անձնագրային կետերի աշխատակիցների համազգեստները, քանի որ կարծում եմ, որ քաղաքացիները, գալով Հայաստանի Հանրապետություն, առաջին պետական աշխատողին, որ տեսնում են, դա հենց այդ զորքերի աշխատակիցներն են, ու կարծում եմ, որ պետք է փոխել նրանց սովետական հին համազգեստը»։ Կոստյո՞ւմն է, որ պետք է «գեղեցկացնի» ԱԱԾ աշխատողին։ «Այո, պետք է լինի գեղեցիկ եւ աչքին հաճելի։ Այդ համազգեստն է, որ ես կրում եմ ու կարծում եմ, որ շատ գեղեցիկ է, եթե գեղեցիկ չլիներ, բոլորը չէին փորձի նմանվել ու կրել նման բաճկոններ»։ Վանեցյանն ասաց նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվանական բաճկոնն էլ ինքն է նվիրել՝ որպես փորձանմուշ։ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներ ունենալու են իրենց համար նախատեսված ու տարբերվող համազգեստ։
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաև թիմի ներսում: Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին: Շատերի համոզմամբ, այստեղ գործ ունենք փորձի պակասի հետ, որը գուցե լրացվի ժամանակի ընթացքում: Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, Փաշինյանը հանձնարարել է սահմանափակել պատգամավորների հարցազրույցները: Իսկ ահա միջազգային կառույցներում մեր երկրի պատվիրակությունների կազմում ընդգրկված՝ «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում ևս, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները չեն դադարում քննարկել ՊԵԿ աշխատողներին տրված պարգեւավճարները: Այս թեմայով իշխող «Իմ քայլը» խմբակցություն էր հրավիրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ի վերջո, ՊԵԿ-ում ահռելի պարգեւավճարներ են ստացել մարդիկ, որոնք, տարիներ շարունակ նույն ՊԵԿ համակարգում աշխատելով, միլիոններ են կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից մեկն էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանն է: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող 3 հատ կտավ, նաեւ 8 մլն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր, զարդեր եւ ժամացույց, իսկ դրամական միջոցները կազմում են 30 հազար դոլար, 10 մլն դրամ եւ 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 741 հազար դրամ: Թե ինչպես է համեստ աշխատավարձով ետ գցել այդ ունեցվածքը, մնում է միայն ենթադրել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է պատասխանելու նախկին իշխանությունների արարքների համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա կառավարությունը պատասխանելու է հենց Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ հարցադրումներին: Անազատության մեջ գտնվելու ընթացքում (2010 եւ 2011թթ.) քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երկու բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ իր նկատմամբ հետապնդումներն ու դատապարտումը պայմանավորված են եղել ընդդիմադիր կեցվածքով եւ գործունեությամբ: ՄԻԵԴ-ն էլ այդ բողոքների հիման վրա կառավարությանն առաջադրել է հարցեր Փաշինյանի նկատմամբ գործողությունների իրավաչափության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանության վերաբերյալ: Նկատենք, որ վարչապետ Փաշինյանը ՄԻԵԴ պատասխանում հրաժարվել է իրեն պատճառած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցումից, բայց եւ, ինչպես տեղեկացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, «քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․ մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ: Այսպիսով, Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան: Հնարավոր է, որ միավորված դեսպանատունը կղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման և արտահանման մոնիտորինգն ապահովելուն: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ այդ հարցով Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-9 ը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, եթե այս հանդիպումը հաջող ավարտ ունենա, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցումը կարող է սկսվել արդեն մարտի վերջից, և Հայաստանը վերջապես կունենա Վերին Լարս անցակետի հուսալի և տնտեսապես ավելի ձեռնտու այլընտրանք»:
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ: Ինչու ենք ասում այս անգամ, որովհետև առաջին դեպքը չէ, երբ քննարկվում է հիմնի փոփոխության հարցը: Նախկինում էլ այս հարցը պարբերաբար հայտնվում էր տեղեկատվական հոսանքներում և միառժամանակ զբաղեցնում հանրությանը: Հաշվի առնելով, սակայն, որ այս անգամ նման մտքի հեղինակը բարձրաստիճան պաշտոնյա է, մյուս կողմից էլ ոչ սովորական, այլ հեղափոխական իշխանության պաշտոնյա, ապա չենք կարող խնդրին չանդրադառնալ քաղաքական տեսանկյունից, ինչքան էլ որ Ալեն Սիմոնյանը կամ նրա մտահղացման կողմնակիցները պնդեն, թե հարցը զուտ գեղագիտական նշանակություն ունի: Նախ, ինքնին հիմնի հարցը միայն գեղագիտական լինել չի կարող: Այն քաղաքական, պատմական կոնտեքստ ունի, ու լավ կլիներ, որ հիմնի փոփոխության ցանկացած առաջարկ ունենար հենց քաղաքական հիմնավորումներ: Երկրորդ՝ որևէ կերպ չբացառելով հիմն փոխելու նախաձեռնություն ունենալու իրավունքը, ընդհանրապես պետական որոշ սիմվոլների վերանայման տեսական հնարավորությունը՝ հարկ է նշել, որ երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս իշխանության առանցքային համարվող դեմքերից մեկը, ապա այդ նախաձեռնությունն անպայմանորեն ունի քաղաքական ենթատեքստ, անկախ այն հանգամանքից՝ նախաձեռնության հեղինակները դա գիտակցում են, թե ոչ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, երդվեցին ՀՀ նախագահի նստավայրում՝ խոստանալով «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։ Արարողությունը գեղեցիկ էր, բայց անհարթ չանցավ։ Նախ, կառավարության ոչ ամբողջական կազմն էր երդվում՝ մի մասը դեռ չեն նշանակվել, անգամ կառավարության կառուցվածքը դեռ հաստատված չէ, և հասկանալի չէ՝ եթե խորհրդարանը, ենթադրենք, չհաստատի Փաշինյանի պատկերացրած կառուցվածքը, ամեն ինչ զրոյի՞ց են սկսելու։ Երեկ նախագահականում ներկա չէր և չերդվեց առողջապահության նախարարը՝ նա գործուղման էր, իսկ Սուրեն Պապիկյանին չհաջողվեց հարթ արտաբերել կարճ տեքստը»։