ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա կառուցել Նախիջևանում:
Եթե այս լուրերը համապատասխանում են իրականությանն ու խոսքը լիարժեք ռազմաբազայի մասին է, այլ ոչ թե թուրքական սպաների և այլ մասնագետների մասնակցության Նախիջևանի ադրբեջանական առանձին համազորային բանակի ամրապնդման գործում, ապա սա լուրջ ահազանգ է թե՛ ՌԴ-ին, թե՛ ՀՀ-ին ու Արցախին:
Մի կողմ թողնելով ՌԴ-ի հնարավոր արձագանքը նշենք, թե ինչ վտանգներ է այդ ռազմաբազան պարունակելու ՀՀ-ԼՂՀ անվտանգությանը:
Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման`Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որը կբավարարի Բաքվին:
Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի`հարձակողական զինատեսակներ, հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:
Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան`հասկանալի է, որ դա արվում է թե տնտեսական, թե ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժին`Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում`Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա`Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով`ղարաբաղյան, Տավուշ`հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:
Ինչ վերաբերվում է թուրքական ռազմաբազային, ապա այն պանթուրքիստական ֆունկցիաներ է իրականացնելու`սպառնալով կտրել Սյունիքն ու թիրախավորել մայրաքաղաք Երևանը:
Ադրբեջանը թույլ տալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմաբազա կառուցել Նախիջևանում հնարավոր պատերազմի դեպքում ստիպելու է հայկական կողմին հարվածել թուրքական զորքերին`դրանով պատերազմի մեջ ներքաշելով գրեթե մեկ միլիոնանոց թուրքական բանակն`այդ դեպքում կարձագանքի ՌԴ-ն ու պատերազմը կվերածվի ՌԴ-ՆԱՏՕ պատերազմի առանձին վերցրած նախիջևանյան թատերաբեմում:
Կամ ՀՀ-ն չի հարվածելու Նախիջևանին, որպեսզի ուղիղ ռազմական բախման մեջ չմտնի Թուրքիայի հետ, սակայն այդ պարագայում էլ ՀՀ Զինված ուժերը ստիպված կլինեն մեծ քանակությամբ զորքեր պահել նախիջևանյան պլացդարմի ուղղությամբ`չկարողանալով զգալի ուժեր հատկացնել Արցախին: