Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան կասեցվել է
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems (ADS) ընկերության երեք ղեկավարների արտահանման լիցենզիան: Aeronautics Defense Systems (ADS) ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ դրոնները գործածելու մեջ:
Մասնավորապես, կասեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ևս մեկ աշխատակցի լիցենզիան: Որոշումը ուժի մեջ է մինչդեռ վճիռը չի կայացվել:
Ինչպես հայտնում է «The Times of Israel»-ը, քանի դեռ ընթանում են դատական լսումները, ընկերության ղեկավարները չեն կարողանա ներկայացնել արտադրանքն արտերկրում: Ընկերության աշխատակիցները կասկածվում են խարդախության եւ զինամթերքի արտահանման վերահսկողության կանոնները խախտելու մեջ:
Հիշեցնենք, հետաքննությունը սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին ու թեև գործի մանրամասները հրապարակելն արգելված է, սակայն 2018 թ. օգոստոսին ընկերությունը զրկվել էր «կարեւոր հաճախորդի» համար Orbiter 1K անօդաչու սարքն արտահանելու թույլտվությունից: Ըստ աղբյուրի, 2016 թվականին Ադրբեջանը կիրառել էր իսրայելական արտադրության Harop-անօդաչու-կամիկաձե սարքը ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ, որի հետեւանքով սպանվել էր 7 հայ:
Ավելի վաղ ընկերության դեմ դատական հայց էր ներկայացվել, որի հիմքում հետեւյալն է. 2017 թվականի աշնանը, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները, նոր իսրայելական անօդաչուներ ձեռք բերելու մտադրությամբ, խնդրել են Ադրբեջան ժամանած «Aeronautics Defense Systems» աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K կամիկաձե-դրոնների հնարավորությունները: Այդ նպատակով անօդաչուների օպերատորներին առաջարկել են հարվածներ հասցնել 2 երկրների սահմանագծում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Արդյունքում, իսրայելցի օպերատորները հրաժարվել են կատարել խնդրանքը, փոխարենը ընկերության ղեկավարությունն է լիցքավորել դրոններն ու հենց իրենք են նշանառության առել առաջարկված դիրքերը: Դիրքերը խոցել նրանց չի հաջողվել, սակայն անօդաչուներից մեկն ընկել է Արցախում հայկական ԶՈՒ դիրքերից մեկից 100 մետր հեռավորության վրա: