Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ու տնտեսական համագործակցության զարգացումներին:
Ինչպես կենտրոնի վերլուծաբաններն են նշում, ամուր կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև հիմնաքար են եղել Կովկասում, սակայն Երևանի և Մոսկվայի միջև լարվածությունը կարող է զգալիորեն վնասել հարաբերություններին:
Հոդվածում նշվում է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղակայված է 5000 ռուս զինվոր, բացի այդ, Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի Հայաստանի տնտեսական հատվածի վրա՝ էներգետիկ խողովակաշարերից մինչև հեռահաղորդակցություն:
«Ռուսաստանը նաև Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, որին բաժին է հասնում ընդհանուր առևտրի 25 տոկոսը: Համենայն դեպս, վերջերս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հարցականի տակ է դրել Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված ամուր հարաբերությունները»,- ասվում է հոդվածում:
Վերլուծաբանների կարծիքով՝ երկու երկրի հարաբերությունների վրա ազդել է հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը:
Հոդվածագիրը նկատում է, որ լարվածության աղբյուրներից մեկը ռուսական զինուժի՝ հայկական գյուղում իրականացրած զորավարժություներն էին, որոնց հաջորդել են բնակիչների բողոքի ցույցերը և Մոսկվային ուղղված Փաշինյանի կշտամբանքն առ այն, որ բնակիչներին նախապես չեն զգուշացրել դրանց մասին:
Ինչպես աղբյուրը նշում է, երկու երկրի հարաբերությունների վրա ներազդող գործոններից մեկը 2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր և նրա հայտարարությունը Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զենք վաճառելու հավանականության մասին:
«Անհամաձայնություններ կան նաև հայ-ռուսական համագործակցության այլ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ հատվածում: Տարաձայնությունները վտանգի տակ են դնում Հայաստանի ռազմական կապերը Ռուսաստանի հետ, թեև դրանք կարող են ազդել նաև գազի մատակարարումների վրա», - նկատում է հոդվածագիրը:
«Եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն խախտվել, այլ ուժեր, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Իրանը և Թուրքիան, կարող են ներխուժել կովկասյան երկիր և թուլացնել Ռուսաստանի դիրքերը: Այնուամենայնիվ, Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնություններն այն հանգամանքն է, որը մյուս երկրները կարող են շահարկել Հայաստանի հետ հարաբերությունները և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում իրենց դիրքերը բարելավելու համար»,– գրում է հեղինակը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի՝ զենք վաճառելու առաջարկին զուգահեռ Իրանը կարող է մեծացնել իր բնական գազի արտահանումը Հայաստան, մինչդեռ Եվրամիությունը նույնպես ավելի շատ տնտեսական և քաղաքական առաջարկներ է արել երկրին:
«Սա մի բան է, որը Հայաստանը կարող էր առավել լրջորեն դիտարկել, թեև դա կխորացներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը: Մյուս կողմից՝ Թուրքիան կարող է նորից փորձել հարաբերությունների կարգավորման հարցում լուրջ քայլ անել 2009-ի նմանօրինակ երկկողմ ջանքերից հետո, թեև նման քայլն ամեն դեպքում կախված կլինի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից: Այս ամենն, իր հերթին, կստիպի Ռուսաստանին կենտրոնանալ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու վրա՝ մեծացնելով տարածաշրջանում ավելի մեծ ապակայունացման հավանականությունը», - եզրափակում է հեղինակը: