25.11.2024
Չարաշահումներ են բացահայտվել ԶՈՒ համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում
prev Նախորդ նորություն

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում կիրականացվի ավելի քան $38 մլն ներդրում

«Զվարթնոց» միջազգային և Գյումրիի «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նիստում հայտարարեց, որ մաստեր պլանի հաստատումը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից մաստեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ 30-ամյա կառավարման ժամկետը:


Ըստ այդմ, նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ, ինչի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO-ի ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:


Մասնավորապես, նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացնել վազքուղու ծածկույթի 2800 մետր երկարությամբ և 48 մետր լայնությամբ հատվածի վերանորոգում: Դրան զուգահեռ տեղադրվելու են լուսազդանշանային համակարգեր: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023 թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2019 թ:


Նախատեսվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ, որից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ «Էյրբաս Ա-320» և «Բոինգ Բ 757-200» տեսակի օդանավերի շահագործման համար. նախատեսվում է վերանորոգել հաշվառման սրահը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, 2016-2017 թվականներին Գյումրիի օդանավակայանի ուղևորահոսքը 8 անգամ աճել է՝ հասնելով 105 հազարի, ինչը նաև գնագոյացման քաղաքականության արդյունք է:


«Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ: Վազքուղու վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է նաև օդանավակայանի շուրջ մոտ 12 կմ պարագծով պարսպի կառուցում: Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն ցանկապատի վրայով ու կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Նաև կտեղադրվեն տեսախցիկներ: Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է գնել նոր հակասառույցային և ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաև վառելիքի նոր մեքենաներ: Կատարվել է նաև բեռնային համալիրի ու ավտոտնտեսության շահագործման ուսումնասիրություն եւ պարզվել, որ անհրաժեշտություն կա նաեւ արդիականացնել այնտեղի մեքենաները եւ գնել նորերը»,- հայտարարեց Արշակյանը:


Նա ընդգծել է, թե մաստեր պլանի նախագծում ամրագրված է նաև, որ կոնցեսիոները ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած՝ անցումը «Բաց երկնքի քաղաքականությանը» և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ու օժանդակությունը բերել այդ քաղաքականության կայացման հարցում:


Ի դեպ, օդանավակայանի հին շենքի քանդման հատվածը հանվել է մաստեր պլանից, քանի որ դրա վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ կազմակերպվեն: