26.11.2024
Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից. hraparak
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գոնսալեսին` նույն ինքը` Նարեկ Սարգսյանին, իրավապահներին է մատնել Զապը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները եւս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը: Չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոյի եւ մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։ Բանն այն է, որ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի։ Այս պահին ամենահարմար թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, որն անցած գումարման խորհրդարանում խմբակցության քարտուղարն էր»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքը անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորմանը, որպեսզի իրենք էլ ինչ-որ բան ստանան իշխանական կերակրատաշտից: Մինչդեռ պարզ է, որ Ծառուկյանը ի սկզբանե իմացել է, որ ոչ մի կոալիցիա էլ չի լինելու, ուղղակի հերթական անգամ խաբել է երկրորդ էշելոնի թեկնածուներին, որ նրանք ԲՀԿ-ի ցուցակով մասնակցեն ընտրություններին, ինչ-որ ձայներ ապահովեն կուսակցությանը, որպեսզի ինքն ու իր, այսպես կոչված, քաղաքական թիմը առանց մատը մատին տալու պատգամավորական մանդատ ստանան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները․ ում ինչ պաշտոն տալ, ում տանել կառավարություն, ում գործուղել ԱԺ։ Նախնական քննարկումների համաձայն՝ արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը՝ «Իմ քայլը» դաշինքի 53-րդ համարը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, միջազգային իրավունքի փորձագետ։ Նա, ըստ որոշ լուրերի, Արարատ Միրզոյանի ազգականն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։ Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Խմբակցության ղեկավարի հարցը դեռեւս չի որոշվել, սա կարեւոր է, քանի որ 88 մարդու աշխատանքը կոորդինացնելը հենց նրա գործն է։ Մեր տեղեկություններով, 2 անուն է շրջանառվում՝ Տիգրան Ավինյան եւ Ռուբեն Ռուբինյան, չի բացառվում նաեւ Արայիկ Հարությունյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տեւեցին` 1.5 տարի: ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլեւ այն հինգ անգամ կազմակերպել է ՀՀ վարչապետի ընտրություն, բայց վարչապետ ընտրել են երկու անգամ. սկզբում Սերժ Սարգսյանին, որը հետո համաժողովրդական ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրեց, հետո Նիկոլ Փաշինյանին: Վերջին երկու անգամները Փաշինյանը չընտրվեց վարչապետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի իրավունքի ուժով դադարեցվեին խորհրդարանի լիազորությունները: Նշենք նաեւ, որ այս ԱԺ-ն ընդունել է 729 հարց: Այդ հարցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից, եւ միայն 59 օրինագիծ պատգամավորներն են հեղինակել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, եւ մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաեւ սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությունները դրա համար կսկսեն մեղադրել Ռուսաստանի իշխանություններին, որ նրանք չեն մտածում հայ հասարակության մասին, բայց պետք է հասկանալ, որ դրա իրական պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժամ-ժամ սպասվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նշանակումը։ Մրցույթում հաղթել է 3 մասնակից, ինչը նշանակում է, որ վերջնական վերդիկտը պետք է կայացնի առողջապահության նախարարը։ Հրամանը կարող էր լինել 2 օր առաջ, սակայն Արսեն Թորոսյանը «ձգում է պաուզան»։ Թեեւ պարզ է, որ նշանակելու է «իր մարդուն»՝ ԲԿ-ի տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանին, սակայն հապաղում է՝ փորձելով հասկանալ, թե որպես նախարար պահպանո՞ւմ է պաշտոնը, թե՞ ոչ։ Բանն այն է, որ համակարգի գրեթե 40 հազար աշխատակցի ղեկավար Արսեն Թորոսյանը ոչ միայն «Իմ քայլի» Կենտրոն-Նորք-Մարաշ, Էրեբունի ընտրատարածքի ռեյտինգայինների մեջ է ստացել ամենացածր ձայները (3 հազար 576), այլեւ բոլոր նախարարների մեջ՝ առաջ անցնելով միայն բնապահպանության նախարարից, որի մասին ասվում էր՝ «անգամ իրենց շենքում չեն ճանաչում»։ Ի դեպ, Արսեն Թորոսյանի շտաբի պետն է եղել նույն «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի «արտաքսված» տնօրենը՝ Գեւորգ Սիմոնյանը։ Վերջինս, հիշեցնենք, լուրջ կոնֆլիկտ էր ունեցել ԺՊ Արման Հովակիմյանի հետ եւ մեկ ամիս չաշխատած՝ հեռացել։ Ի դեպ, սա Արման Հովակիմյանի հետ կապված միակ «էկզոտիկ» պատմությունը չէ․ ըստ մեր աղբյուրների՝ նա բավականին լուրջ իրավական խնդիրների մեջ է հայտնվել նաեւ հիվանդանոցին հարակից տներից մեկի սեփականատիրոջ հետ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործի շրջանակներում նոր մեղադրանք է առաջադրել 2008թ. ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին: Ավելին, երեկ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը դեռ որոշում չի կայացրել. այս գործով դատաքննությունը կշարունակվի այսօր: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մեծ է հավանականությունը, որ դատարանը կբավարարի ՀՔԾ միջնորդությունը, եւ Արմեն Գեւորգյանը կկալանավորվի: Այդ են հուշում ե՛ւ մեղադրանքի բովանդակությունը, ե՛ւ, ընդհանրապես, իրադարձությունների ընթացքը: Դեռ օգոստոսին Ա.Գեւորգյանին մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, եւ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը: Հիմա այդ մեղադրանքին ավելացել է եւս մեկը` սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը: Առայժմ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Գեւորգյանի փաստաբանները չեն մանրամասնում, թե Գեւորգյանն ինչպես է օժանդակել սահմանադրական կարգի տապալմանը: Պաշտպան Էրիկ Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասել է, թե «Քրեական իրավունքի տեսության համաձայն` օժանդակելը կարող է լինել թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական, ինչը նշանակում է որոշակի տեղեկություններ տրամադրելը կամ խոչընդոտներ վերացնելը, որն ուղղված կլինի հանցագործության կատարմանը»: Եթե հիշենք` ով էր Արմեն Գեւորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ինչ դիրք էր զբաղեցնում իշխանական հիերարխիայում, ապա կարելի է ենթադրել մեղադրանքի բովանդակությունը: Բացի այդ, Գեւորգյանը մեկ ուրիշ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար. այս երկու մեղադրանքը եւս նոր է առաջադրվել:


«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Ս. Հարությունյանը հայտարարագրել է նաեւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 12500 ՀՀ դրամ բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սերգեյ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 18 000 ԱՄՆ դոլար եւ 16 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 604 210 ՀՀ դրամ: Նշված թվից 1 482 210 ՀՀ դրամ եկամուտը նա ստացել է աշխատավարձից: Իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 42 000 ՀՀ դրամ: Ս.Հարությունյանը այլ եկամուտներ եւս հայտարարագրել է, որոնք կազմել են 3000 ԱՄՆ դոլար եւ 1000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2018թ. սեպտեմբերի 23–ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Ս. Հարությունյանն ընտրվել էր Երեւան քաղաքի ավագանու անդամ: Իսկ արդեն հոկտեմբերի 29–ին նշանակվել է Երեւանի քաղաքապետի տեղակալ»: