24.11.2024
Աշոտյանն ընդունում է խաղադրույքներ Փաշինյանի վախեցած հաջորդ քայլերի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերյալ կա մի քանի վարկած. ՔԿ

Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի վայրում շարունակվում են իրականացվել զննությունները։ Դեպքի վայր է հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։


ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել են վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ քննչական խմբում ընդգրկված քննիչները կատարում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։


Ավելի վաղ հայտնել ենք, որ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը։ Նշանակվել են փորձաքննություններ։


Հիշեցնենք, նախօրեին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ժամը 10:20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: 


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարալիկի տարածաշրջանի լեռներում։ Վթարի հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը: