24.11.2024
Փաշինյանը կմեկնի Աստանա. օրակարգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հա՞րցն է
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացում հունվարից շուտ ակնկալել պետք չէ. Նեյժմակով

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո էլ Հայաստանում ներքաղաքական լարվածության համար շատ առիթներ կլինեն, իսկ դա լավագույն ֆոնը չէ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար: Այս մասին «Интерфакс-Азербайджан»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը: 


Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց նախագահության օրոք ղարաբաղյան թեմատիկայով հայտարարություններում ավելի շատ մանևրելու տարածություն են ունեցել: Միևնույն ժամանակ, նկատել է նա, և՛ Բաքվին, և՛ Երևանին այժմ էլ ձեռնտու է գոնե նշմարել համագործակցության պատրաստակամությունը, քանի որ ժամանակակից իրողություններում մյուս կողմի հետ շփումների նվազեցումը կարող է աջակցություն ստանալ ներքին լսարանի կողմից, բայց ոչ միջազգային հարթակներում՝ դա իմիջային լավագույն ռազմավարությունը չէ: 


«Կարելի է սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի որոշակի ակտիվացում 2019 թվականի հունվարին: Նախ, այդ ժամանակ ընտրությունները տեղի ունեցած կլինեն և ՀՀ-ում կձևավորվի նոր կառավարություն: Ի դեպ, Դուշանբեում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էլ տեղի ունեցավ ոչ պակաս Երևանի ավագանու ընտրություններից հետո: Բացի այդ, դեկտեմբեր-հունվար ամիսներին միջազգային միջնորդները փոքր-ինչ ավելի ակտիվ են լինում. հիշենք՝ 2018 թվականի հունվարին Կրակովում հանդիպեցին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները: Բայց անգամ եթե նման հանդիպումներ տեղի ունենան 2019-ի սկզբին, դրանք, ըստ ամենայնի, կլինեն ուղղակի «բանակցություններ բանակցությունների մասին»»,- նշել է Նեյժմակովը:


Անդրադառնալով   ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարություններին ու դրանց Նիկոլ Փաշինյանի արձագանքին, ռուս քաղաքագետը նշել է, որ այս ամենը վկայում է այն մասին, որ Երևանի համար ընդունելի լուրջ առաջարկներ Փաշինյանը Բոլթոնից չի ստացել:


«Փաշինյանը բավականին սուր արձագանքեց Բոլթոնին՝ նշելով, յուրաքանչյուրը կարող է հանդես գալ իր անունից, բայց Բոլթոնը կամ մեկ ուրիշը չի կարող հանդես գալ ՀՀ վարչապետի անունից: Իհարկե, Փաշինյանը այս կերպ փորձեց հերթական անգամ կասեցնել այն լուրերը, թե գաղտնի բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ՝ նման խոսակցությունները ընտրությունների նախաշեմին իր համար  ձեռնտու չեն: Բայց, կարծում եմ, որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը իսկապես իր համար ընդունելի առաջարկներ ստանար Բոլթոնից (և ոչ միայն Ղարաբաղով), ապա արձագանքը դժվար թե այսքան սուր լիներ»,- նշել է նա: