24.11.2024
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ընտրողների 44 տոկոսը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կմեկնի Աստանա. օրակարգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հա՞րցն է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Նշենք, որ Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը:


Նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվեց պաշտոնից: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2017 թ. ապրիլի 14-ին: Գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:


Նոյեմբերի 5-ին ռուսական «Կոմերսանտը», հղում կատարելով «կազմակերպությանը մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներին», գրել է, որ Հայաստանը պաշտոնը պահպանելու մեծ հնարավորություններ չունի: Ըստ «Կոմերսանտի»՝ այդ կարծիքին են «դիվանագետներ կազմակերպության անդամ երեք երկրներից»: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ստանիսլավ Զասը:


Հակառակ «Կոմերսանտի» աղբյուրների վստահությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությունը հուշում է, որ տվյալ հարցում դեռեւս վերջնական որոշում չկա: Արտաքին գերատեսչության պարզաբանումներից բխում է, որ հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում:


Ընդ որում, ուշագրավ լուրեր էին տարածվում, որ Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Սա, ընդհանուր առմամբ, համահունչ է նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը թեկնածուի խնդիր չունի:


Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պայքարլու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար: