26.11.2024
Միջազգային փորձագետները ողջունում են ՌԴ-ի գործողությունները Սիրիայում
prev Նախորդ նորություն

Ի տարբերություն ԱՄՆ-ի Մոսկվան ավելի մեծ շանսեր ունի Սիրիայում հասնել ռազմավարական բեկման

ՌԴ-ի որոշումը օդային հարվածներ հասցնել "Իսլամական պետության" դիրքերին Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծել: ՌԴ-ի ՊՆ-ի փոխանցմամբ, օդային գործողությունների իրականացման երկու օրվա ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչների 12 հրամանատարական կետ, ինչպես նաև մեծ քանակությամբ զինտեխնիկա: Այդ մերձավորարևելյան երկրում, որտեղ արդեն չորս տարի շարունակվում է քաղաքացիական պատերազմը, հետագա զարգացումների մասին VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Պարոն Սաֆրաստյան, ՌԴ-ի որոշումը մի շարք պարամետրերով կարելի է յուրահատուկ համարել այն առումով, որ Մոսկվան այդպիսի պասիոնարություն մերձավորարևելյան ճակատում չէր ցուցաբերել ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից: Կիսվեք իրավիճակի հետագա զարգացման ձեր տեսլականով

"Իսլամական պետության" դեմ ռուսական օդուժի գործողությունների նախնական փուլում դժվար է ճշգրիտ կանխատեսումներ անել, դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Սակայն, դուք ճիշտ ընդգծեցիք, որ Սիրիայում իրավիճակը կտրուկ փոխվում է այն առումով, որ այստեղ նոր խաղացող է հայտնվում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրա իրավահաջորդը՝ՌԴ-ը, չնայած որոշակի առումով պահպանում էր իր ռազմական ներկայությունը Սիրիայում, սակայն չէր խաղում այն ակտիվ դերակատարումը, որ խաղոմ էր ԽՍՀՄ-ը Սիրիայում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես: Այս պահին իրավիճակը կտրուկ փոխվում է:Մոսկվան ցանկանում է վերականգնել իր դիրքերը Մերձավոր Արևելքում և այդ գործընթացը սկսվում է Սիրիայում: Իրավիճակը յուրահատուկ է այն առումով, որ Սիրայի նախագահ Բաշար Ասադին օգնության է հասնում համաշխարհային գերտերություն, այն էլ ոչ թե ռազմական առաքումներով, այկ իսլամիստների դեմ կոնկրետ ռազմական գործողություններով:

Մոսկվային մեղադրում են, որ նա իբր թե ռմբակոծում է ոչ միայն և ոչ այնքան Իսլամական պետության, այլ այլ խմբավորումներին, այդ թվում Սիրիայի ազատ բանակին…

Ես հիմքեր չունեմ հավատալու արևմտյան և այլ արաբական ԶԼՄ-ներին, որոնք քննադատաբար են տրամադրված Մոսկվայի նկատմամբ: Ոչ Վաշինգտոնը, ոչ էլ այլ արևմտյան մայրաքաղաքները հավաստի տեղեկություններ չունեն, որ ռուսական օդուժի հարվածներն ուղղվել են այլ խմբավորումներին կամ խաղաղ բնակչությանը: Ես հիմքեր չունեմ չհավատալու ռուսական ռազմական գերատեսճության հայտարարություններին, որ հարվածները հասցվել են բացառապես հրամանատարական կետերին, պահեստների և Իսլամական պետության տեխնիկայի կուտակնումների, քանի որ Սիրիային, այսօր, առաջին հերթին սպառնում է Իսլամական պետությունը:

Գոյություն չունի՞ արդյոք Սիրիայում ՌԴ-ի համար աֆղանական սցենարի կրկնության վտանգ

Ես չեմ կարծում, որ առկա է այդպիսի սպառնալիք՝ՙ Մոսկվան գոնե այս փուլում չի պատրաստվում ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում՝ ի տարբերություն Աֆղանստանի:

Սակայն միայն օդային հարվածները կարող են չբավարարել Ասադի հյուծված բանակին աջակցելու համար

Տեսեք, ամերիկացիները վերջին տարվա ընթացքում իրենք էին հարվածներ հասցնում «Իսլամական պետությանը», սակայն շոշափելի արդյունքներ չի գրանցել: Պետք է հաշվի առնել մեկ հանգամանք և դա չցանկանալով խոստովանում են նաև ԱՄՆ-ի պաշտոնական շրջանակները: Բանը նրանում է, որ ԱՄՆ-ը վերջին շրջանում որոշակի աջակցություն էին ցուցաբերում «Իսլամական պետությանը»: Այդ ամենից հետո ԱՄՆ-ի և նրա գլխավորած կոալիցիայի գործողությունները ոչ մի արժեք չունեն՝ նրանք կրում են իմիտացիոն բնույթ: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն իրենց առջև նպապակ են դրել ոչ թե ոչնչացնել «Իսլամական պետությունը», այլ ուղղել այդ սուրն Ասադի դեմ: ՌԴ-ի դիրքոշումն էլ կտրուկ տարբերվում է ամերիկացիների ռազմավարությունից: Ռուսները նպատակ ունեն հզոր հարվածներ հասցնել «Իսլամական պետությանը», որպեսզի խմբավորումը այլև չկարողանա սպառնալ Ասադի կառավարությանը և սիրիական ժողովրդին: Եթե հաշվի առնենք ռուսների և ամերիկացիների մոտեցումներում այն տարբերությունները, ապա Մոսկավ ավելի մեծ շանսեր ունի ռազմավարական հաջողության հասնել:

Ասադը միակ գործիչն է՞, ում ՌԴ-ը աջակցելու է

Ես կարծում եմ, որ այդ հարցը լուծվելու է հետագայում բանակցությունների միջոցով: Ասադն այսօր իրոք հայտնվել է ծանր վիճակում և մասնակիորեն, նա ինքն է իրեն դրել այդ դրության մեջ: Անկախ այն հանգամանքից, կմնա Ասադը իշխանության, թե ոչ, ապագա Սիրիայի իշխանության մեջ պետք է ներկայացված լինեն բոլոր ուժերը: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Սիրիան՝բազմազգ և բազմակոնֆեսիոնալ երկիր է և կարծում եմ, որ ճգնաժամի քաղաքական կարգավորումը ենթադրում է այնպիսի իշխանության ձևավորում, որը հաշվի կառնի բոլոր կողմերի՝ալևիների, քրդերի, դրուզների շահերը:


Զրուցեց Աշոտ Սաֆարյանը