Ճիշտ լուծում գտնելու համար. ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, որը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ 18:30-ից կառավարության շենքի ներսում էր:
«Շահագրգիռ շատ, օգտակար քննարկում էր հարցերի լայն շրջանակի հետ կապաված, կարծում եմ, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- մանրամասնեց նա: Արսեն Համբարձումյանը չասաց, թե արդյոք պատրա՞ստ են հետեւել ԲՀԿ-ի օրինակին եւ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրել։
Նշենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը այսօր հայտարարել էր, որ խորհրդարանական ուժերի միջեւ կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան–Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել վարչապետի եւ ԲՀԿ առաջնորդի միջեւ՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։