25.11.2024
Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու վարչապետի պաշտոնից
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու. Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին, ոչ շուտ, քան նոյեմբերի 15-ը: Այս մասին ԱԺ-ից դուրս գալով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, որ պատգամավորների հետ հանդիպմանն արձանագրել է, որ կա քաղաքական ճգնաժամ և այդ քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարել։


«Հանրապետական, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ խմբակցության պատգամավորները նույնպես ասացին, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ երկիրը շահած դուրս գա այս ամեն ինչից: Ես ներկայացրեցի, թե ինչպես եմ դա պատկերացնում. առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից և ակնկալում եմ, որ ՀՀԿ-ն ու գործող խորհրդարանն ավելի չեն գրգռի մարդկանց, քանի որ եթե նրանք առաջադրեն վարչապետի թեկնածու, ապա պետք է նաև գիտակցեն, որ հանրության շրջանում դա ռեակցիա է առաջացնելու։ Իսկ դա, մեղմ ասած, վատ արձագանք կառաջացնի։ Դրա համար առաջարկել եմ ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսինքն՝ մեկ անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, որից հետո երկրորդ անգամ ԱԺ պատգամավորների 1/3-ը վարչապետի թեկնածու դարձյալ չի առաջադրի, և երկրորդ անգամ էլ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդյունքում դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը և չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու:

Նա նաև չբացառեց, որ հնարավոր է հրաժարական տա մինչև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովը: