Մինսկի խմբի համար բարդ է լինելու ռեստարտ տալ ղարաբաղյան բանակցային գործընթացը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ղարաբաղյան բանակցային գործընթացում առկա վակուումն արագ լցվում է ռազմական հռետորաբանությամբ և անգամ տեղային լարվածությամբ` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատված, ինչպես նաև Ադրբեջանում կայացած լայնածավալ զորավարժություններ: Ադրբեջանի նախագահը հստակորեն մեսիջ է ուղարկել Երևանին ու Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս կամ Լեռնային Ղարաբաղին չի տրվելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող կարգավիճակ:
Դա ուլտիմատիվ հայտարարություն է Նյու Յորքում հանդիպումից առաջ: Հասկանալի է, որ Երևանն ու Ստեփանակերտը չեն կարող գնալ միակողմանի զիջումների: Ադրբեջանն արագ տեմպերով նախապատրաստվում է պատերազմի, սպառնում հայկական կողմերին, որ եթե Բաքվի պահանջները չկատարվեն՝ իրենք փորձելու են լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով:
Մինսկի խումբը տարիներ շարունակ կողմերին առաջարկում է այսպես կոչված մադրիդյան սկզբունքերը, որոնք, սակայն չեն բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից, քանի որ Արցախի այսօրվա փաստացի տարածքը կկրճատվի, անվտանգության մակարդակը դրանից կտուժի, կփոխվի Արցախի ժողովրդագրական դեմքը` ադրբեջանցի փախստականների վերադարձի դեպքում:
ՀՀ-ի նոր իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ չեն պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն` վերջնական խոսքը լինելու է Ստեփանակերտինը: Բացի այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն չի ցանկանում պատերազմ, սակայն ՀՀ-ն չի վախենում պատերազմից և չի կարելի սպառնալիքներ հնչեցնել ՀՀ-ի ու Արցախի հասցեին:
Նյույորքյան հանդիպումից առաջ ստեղծվել է բարդ իրավիճակ. կողմերի դիրքորոշումները շատ բևեռացված են` Բաքուն հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, իսկ ՀՀ-ն ու Արցախը չեն պատրաստվում ադրբեջանական սպառնալիքների ֆոնին գնալ միակողմանի զիջումների:
Իսկ լայնածավալ պատերազմը չի բխում Մինսկի խմբի համանախագահ պետությունների շահերից, ՌԴ-ին ձեռնտու չէ լայնածավալ պատերազմ իր հարավային սահմանների երկայնքով, ինչի հետևանքով պատերազմի մեջ է ներգրավվելու ռազմավարական դաշնակից Հայաստանը: Ինչ վերաբերվում է Արևմուտքին, ապա նրանք ցանկանում են Ադրբեջանի միջոցով կասպյան նավթագազային ռեսուրսներն արտահանել ԵՄ` դրանով դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ առաքումները: