25.11.2024
ՀՀԿ-ն օրենք է մշակել` ապահովել Կաթողիկոսի անվտանգությունը և «ազատել» ակտիվիստներից
prev Նախորդ նորություն

Կրիտիկական պահը․ ԱԺ «մեծամասնությունն» ու «ենթաուժերը» կհայտնվեն խորհրդարանի պատերից դուրս

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող երկու ուժեր հանդես եկան ուշագրավ հայտարարություններով: «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը նախընտրական այս շրջանում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում հնչած որոշ մտքերին անդրադառնալով՝ հայտարարեց, թե «... Մտածեք, թե ո՞նց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ թվարկածս ուժերը կանգնած են եղել ձեր կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: ... նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու: Ու էն մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն»:


ԲՀԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ավելի բաց հայտարարություն արեց. «Միանշանակ միանում եմ եւ կիսում իմ գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի երեկ հնչեցրած բոլոր մտահոգությունները։ Իհարկե, մտածելու ենք այդ մասին, եւ որեւէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով եւ պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզացվեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, եւ եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» եւ այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, եւ ինչ որոշում էլ որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, եւ որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով: «Կբերեմ, կճնշեմ եւ կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները»,- երեկ tert.am-ին տված հարցազրույցում էլ ասել է Նաիրա Զոհրաբյանը:


Ինչպես գրում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, առաջին հայացքից սա սպառնալիք է Փաշինյանի թիմի հասցեին: «Բայց՝ միայն առաջին հայացքից: Իրականում սա հիանալի հնարավորություն է այդ թիմի համար վերջնականապես հստակեցնել իր հարաբերությունները՝ այսպես կոչված կոալիցիայի իր գործընկերների հետ ունեցած նախկին պայմանավորվածությունները ուժը կորցրած ճանաչելու համար: Ո՞րն է խնդիրը: Թավշյա հեղափոխության օրերին, երբ ակտիվորեն քննարկվում էր անմիջապես ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որոշում կայացվեց այն հետաձգել: Դա ուներ երկու հիմնական պատճառ: Նախ, կստեղծվեր մի իրավիճակ, երբ Հայաստանում որոշ ժամանակ չէր լինի ոչ վարչապետ, եւ ոչ էլ խորհրդարան, ինչը կարող էր կազմալուծել պետական համակարգը: Երկրորդ պատճառն այն էր, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուն աջակցած, կամ ավելի հստակ ասած՝ չխոչընդոտած ուժերը, ինչպես նաեւ՝ արտախորհրդարանական ուժերը հնարավորություն ունենան ադապտացվել նոր իրավիճակին եւ կարողանան հավուր պատշաճի նախապատրաստվել ընտրություններին: Հակառակ դեպքում, եթե ընտրությունները անցկացվեին, ասենք, ամռանը, ապա Նիկոլ Փաշինյանի թիմը նոր կազմավորվող խորհրդարանում կունենար 90 տոկոսից ավելի ձայն, ինչը անթույլատրելի էր», - նշում է հոդվածագիրը:


Իսկ հիմա, երբ առնվազն երկու ուժ ակնարկում են, թե դուրս կգան նախկին պայմանավորվածությունների շրջանակից, Փաշինյանի թիմի ձեռքերը այլեւս ազատ են, եւ հենց իրենք կարող են պաշտոնապես նախաձեռնել այդ պայմանավորվածությունների չեղարկումը: Այլ կերպ ասած, գրում է թերթը, Փաշինյանի թիմը կարող է հենց վաղվանից էլ պաշտոնապես սկսել ԱԺ-ի լուծարման գործընթացը եւ չկաշկանդվել նախկին պայմանավորվածություններով: Ինչ ձեւով՝ դա արդեն էական չէ: Կարող է գործադրվել վարչապետի հրաժարականի մեխանիզմը, երբ խորհրդարանը չի ընտրում վարչապետ եւ ավտոմատ լուծարվում է, կարող է իրականացվել հանրաքվե, որի արդյունքում ԱԺ-ն կլուծարվի եւ այլն, եւ այսպես շարունակ: Դրանք տեխնիկական հարցեր են: Փաշինյանի թիմը կարող է նույնիսկ չսպասել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ նոր ընտրությունների գնալ գործող օրենսգրքով:


«Ցանկացած տարբերակով ընտրության գնալու դեպքում արդյունքը նույնն է լինելու: Ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող ուժը նույնքան բացարձակ մեծամասնություն է կազմելու, իսկ ԱԺ-ում ներկայացված «մեծամասնությունը» եւ հավանաբար էլի որոշ ուժեր ու «ենթաուժեր» կդառնան արտախորհրդարանական կուսակցություններ: Ու թերեւս հենց այս հեռանկարն է ստիպում վերը նշված ուժերին արտահերթ ընտրությունները կանխելուն ուղղված ինչ-որ քայլեր մտմտալ: Այս ուժերի նման պահվածքը ամբողջությամբ արդարացնում է Փաշինյանի թիմի որդեգրած սկզբունքը: Այն է՝ ոչ մի գաղտնի բանակցություն, ոչ մի գաղտնի պայմանավորվածություն, քվոտաներ բաժանելու ոչ մի գործելաոճ: Այսինքն, Փաշինյանի թիմի ռազմավարությունը ամբողջությամբ դուրս է նախկինում՝ տասնամյակներ շարունակ Հայաստանում իրականացված «ընտրությունների» սխեմայից:


Լինելու են մաքուր ընտրություններ, եւ դրանց արդյունքները ձեւավորվելու են ընտրողների տված ձայներով, եւ ոչ թե, պատկերավոր ասած, «Բաղրամյան 26»-ում որոշված քվոտաներով: Այդ է պատճառը, որ Փաշինյանի թիմը «բանակցում է» բացառապես ընտրողների հետ՝ բակերում, փողոցներում ու հրապարակներում անցկացնելով, մեղմ ասած, ակտիվ քարոզչություն: Ու դրա արդյունքում Փաշինյանի թիմը հաշվետու եւ պարտավորված է լինելու միայն առջեւ, ում հետ «բանակցել է» նախընտրական շրջանում ձայներ ստանալու վերաբերյալ: Այսինքն՝ ընտրողների», - գրված է թերթի խմբագրականում: