Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի կողմից իր տարածքի գնդակոծմանհարցով․ ԱԳՆ
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի կողմից իր տարածքի գնդակոծմանհարցով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Սեպտեմբերի 17-ին որոշ հայկական ԶԼՄ-ներում Բալայանի վրա հղումով լուրեր տարածվեցին, թե ՀՀ սահմանամերձ շրջանների գնդակոծությունների կապակցությամբ ՀՀ-ն դիմել է տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՀԱՊԿ-ին:
«Վերջին շրջանում սահմանին տիրող իրավիճակի մասին մենք տեղեկացրել ենք ԵԱՀԿ ՄԽ աշխատակիցներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կապրշիկին, ինչպես նաև այլ կառույցների: ՀԱՊԿ-ին մենք չենք դիմել», -ասել է Բալայանը, մերջբերում է «Նովոստի-Արմենիան»:
Նա նշել է նաև, որ եթե լինի այդ կառույցների պաշտոնական արձագանքը, այն կհրապարակվի: Բալայանը նշել է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար իրազեկում է այդ կառույցներին՝ ՀՀ տարածքի գնդակոծման դեպքում:
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե, մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 00:30: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակել է Տավուշում պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ Չինարի գյուղի վրա։ Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: