VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները եւ սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը: Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում ԿԸՀ-ն չի հասցնի բացակա անդամին նորով փոխարինել, եւ կստեղծվի շիլաշփոթ վիճակ: Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։ Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանին, սակայն նա հերքեց լուրերը: «Դրանք պարզապես կեղծ լուրեր են։ Նման բան չի կարող լինել»,- ասաց նա»։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմումին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Ավելի հավանական է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսն է հաջորդ թեկնածուին առաջադրելու: Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց 2017թ. ապրիլի 14-ին, իսկ պաշտոնը ստանձնեց նույն թվականի մայիսի 2-ին, երկու տարի ժամանակով: Դժվար է կանխատեսել նաև՝ պաշտոնը թողնելուց հետո Խաչատուրովը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ Միքայել Հարությունյանի օրինակով կթաքնվի Ռուսաստանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ: Սա այն բանից հետո, երբ նախօրեի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարել էր «ռեյդեր իրականացնել, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին եւ զինաթափել բոլորին»: Վարչապետի հանձնարարականն ի կատար էր ածվել ոչ միայն նախօրեի երեկոյան, այլեւ նման միջոցառումներ իրավապահները շարունակել էին երեկ: Արդյունքների մասին առայժմ ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ կառավարությունը մանրամասներ չեն հրապարակել: Փոխարենը համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են բերման ենթարկվում օլիգարխներին ուղեկցող թիկնապահների «գումարտակները»: Բայց ամենաուշագրավը Փաշինյանի հանձնարարականից հետո օլիգարխ համարվող ներկա ու նախկին պատգամավորների պահվածքն էր: Նրանք՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը եւ այլք, հերթով հարցազրույցներ էին տալիս` հայտարարելով, որ ո՛չ օլիգարխ են, ո՛չ զենք ունեն, ո՛չ էլ անգամ թիկնազոր: Եւ վերջապես, երեկ այս ամենը մեկնաբանել է Գալուստ Սահակյանը, բնականաբար, իրեն հատուկ ոճով: Գրիգորիչը նախ խնդրել է ներկայացնել օլիգարխ բառի ստուգաբանությունը, այնուհետեւ ասել. «Երբ ասում է, որ օլիգարխ կա, թող բառացի հայտարարի՝ օլիգարխներն էս մարդիկ են, որովհետեւ երբեմն երբ ասում են օլիգարխ, ուրեմն հանրապետակա՞ն է»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա շաբաթներն աչքի են ընկնում համագումարների առատությամբ։ Սեպտեմբերի 16-ին ԲՀԿ-ից անջատված Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունն է համագումար անելու․ ի դեպ, կուսակցության շարքերը համալրել է նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, նաեւ Արագածոտնի մի շարք գյուղապետեր։ Սեպտեմբերի 29-ին «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն է, որտեղ, հավանաբար, Ժիրայր Սեֆիլյանին կընտրեն նախագահ։ Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալու է նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանի «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Փոխարենը ՀՀԿ-ն կարծես հետաձգել է համագումարը։ Չնայած խոսվում էր, որ սեպտեմբերի վերջին ՀՀԿ-ն ռեստարտի ծրագրով ու համագումարով նոր էջ կբացի իր համար, սակայն տեղեկացանք, որ դա առկախվել է։ Ինչո՞ւ։ «Քաղաքական գործընթացները դինամիկ են զարգանում, եւ առաջիկայում գուցե այլ մարտահրավերներ առաջ գան»,- պարզաբանեցին կուսակցությունից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի քրեական գործով իրավապահները օպերատիվ-հետախուզական նոր գործողություններ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին Մաշտոցի պողոտա-Լեո փողոց-խաչմերուկի շենքերի բնակիչները պատմեցին, որ օրերս իրավապահները զննություն են իրականացրել իրենց շենքերի կտուրներում եւ ձեղնահարկերում եւ ուշագրավ փաստեր հայտնաբերել: Մասնավորապես, իրավապահները գտել են կրակված փամփուշտների գնդակներ, որոնք մնացել են կտուրներում, որոշները` ճակատային պատերի մեջ: Համոզմունք կա, որ այդ գնդակները կրակվել են մարտի 1-ի իրադարձություների ժամանակ: Հիշեցնենք, նախօրեին իր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւս ասել էր, թե կան կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելը հեշտ չի եղել՝ ում գրել, որ տեղում եւ այլն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թվով անդամներ ցուցակում լինելու ցանկություն են ունեցել, սակայն մի քանի սկզբունք է որդեգրվել։ Օրինակ՝ «ՔՊ» ղեկավար կազմի ընտանիքներից ոչ ոք չպետք է ընդգրկվի։ Եվ չնայած պայմանավորվածությանը, ցուցակը կազմվելուց հետո ոմանք զարմացել են՝ այնտեղ տեսնելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եղբորը՝ Արման Հարությունյանին, ով զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ապա եղավ ԵԺԿ նախագահ Դոլի հայտարարությունը, այս օրերին էլ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն է գործի անցնել Եվրոպայում։ Բացի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, ուր որոշում է կայացվել դիմել մոնիտորինգային հանձնաժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիտորինգ անցկացնելու համար։ Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ուր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցից առաջ խիստ հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ հասկանալու համար, թե Մակրոնն ինչպիսի Հայաստան է ժամանելու։ Արփինե Հովհաննիսյանը քննարկումների ժամանակ ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, ազատ խոսքի դեմ կիրառվող բռնաճնշումները, ՀՀ երկրորդ նախագահի, նախկին այլ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը։ Ի դեպ, հիշենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն է որոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, եւ եթե հանձնաժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին ու պատրաստ է զբաղվել այդ խնդիրներով, դա նշանակում է, որ այսօր ինչ-ինչ պրոբլեմներ է տեսնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովը պատրաստ է նաեւ խնդրի առնչությամբ բանաձեւերի նախագծեր շրջանառել եւ ընդունել»։