ՀՀ-ում երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի
Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի՝ գործող 50 000 դրամից դառնալով 150 000 դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016 թվականներին երկու կարգաթիվ ունեցող ծնված երեխայի թիվը կազմել է համապատասխանաբար՝ 16,051, 15,850, 15,032: 2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը մոտ 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018 թվականի հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի մոտ 375 մլն դրամ, իսկ 2019 թվականին եւ հետագա տարիների համար` տարեկան մոտ 1,5 մլրդ դրամ:
Նախագիծը միտված է 2-րդ երեխան ունենալ պատրաստվող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Դրա հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:
Համաձայն դեռեւս գործող կարգի՝ առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 000 դրամ: Նոր կարգով երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում նույնպես կհատկացվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ: