Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքոստորագրյալ կազմակերպություններս վերահաստատում ենք ազատ եւ արդար ընտրությունների ապահովման ուղղված նախապայմանների կարեւորությունը, որի մասին հայտարարել ենք դեռեւս 2018թ․ ապրիլին։ Այս մասին ասված է իրավապաշտպան մի քանի ՀԿ-ների տարածած հայտարարությունների հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող եւ վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը երաշխավորող հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով (ՀՌՀ), ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող իրավապահ մարմիններ, ինչպես նաեւ ընտրական վեճերը պատշաճ քննող անկախ դատարաններ:
Ի լրումն սրա, ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու համար կարեւորագույն նախապայման է հանրային վստահությունը վերոհիշյալ կառույցների նկատմամբ։
Հեղափոխությունից հետո ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի կողմից քաղաքական կամքի դրսեւորումն անշուշտ գնահատելի, սակայն ոչ բավարար նախադրյալ է՝ երաշխավորելու լիովին մաքուր եւ/կամ հանրության համար ընդունելի՝ լեգիտիմ ընտրությունների անցկացումը։
Հայաստանում ընտրական գործընթացների համար պատասխանատու կառույցները տարիներ շարունակ այս կամ այն կերպ՝ հանցավոր գործողություններով կամ անգործությամբ մասնակցել են ընտրախախտումներին ու ընտրակեղծարարությանը, ինչի արդյունքում վարկաբեկվել են եւ ամբողջովին արժեզրկել ընտրությունների ինստիտուտը։
Թեեւ հավանականությունը մեծ է, որ նոր իրավիճակում եւ վարչապետի քաղաքական «հովանու ներքո» այս կառույցները դեմ չեն լինի պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իրենց գործառույթները, սակայն չի կարելի մոռացության տալ նրանց պատասխանատվությունը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու եւ իշխանություն ձեւավորելու իր իրավունքի ազատ իրացման հնարավորությունից զրկելու գործում։
Անձանց՝ պատասխանատվության անտեսումը կամ մոռացության մատնումը, մի կողմից, չեն կարող երաշխավորել ընտրախախտումների ու ընտրակեղծարարության արատավոր պրակտիկայի աներկբա դատապարտումը, մյուս կողմից, դրանք կարող են ստվեր գցել առաջիկա կազմակերպվող ընտրությունների վրա։ Խիստ կարեւոր է ընտրական գործընթացներում ներգրավված կառույցների «մաքրումը» եւ, առնվազն, վարկաբեկված պաշտոնյաների հեռացումը իրենց զբաղեցրած պաշտոններից։
ՀՀ Ոստիկանության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների փոփոխությունը, ինչպես նաեւ նրանց ընթացիկ ակտիվ ու արդյունավետ գործունեությունը հույս են ներշնչում ընտրությունների հետ կապված իրավապահ գործառույթները օրենքով լիարժեքորեն իրականացնելու առումով։ Կարեւոր եւ անհրաժեշտ է նաեւ ԿԸՀ եւ ՀՌԱՀ-ի կազմերի փոփոխությունները՝ առնվազն դրանց ղեկավարների մակարդակով։
Համոզված ենք, որ ընտրական գործընթացների եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ է եւ խիստ հրատապ։
Կոչ ենք անում ԿԸՀ եւ ՀՌԱՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը եւ հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման»:
Հայտարարությունը ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, իսկ ՀՌՀ նախագահը՝ Գագիկ Բունիաթյանը: