Քաղաքականապես մոտիվացված է. Բիլզերյանն՝ իրեն Ադրբեջանում ձերբակալելու որոշման մասին
Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, «Instagram-ի արքա» Դեն Բիլզերյանն իրեն միջազգային հետախուզում հայտարարելու եւ ձերբակալելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»:
Այս մասին Բիլզերյանը հայտարարել է People ամսագրին տված հարցազրույցում:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի Արցախ այցելելու վերաբերյալ: Բաքուն այն համարում է «ապօրինի»: Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»: Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով:
People ամսագրին տված հարցազրույցում Բիլզերյանը նշել է, որ Արցախ է այցելել մի խումբ անձանց հետ, սակայն միայն իր նկատմամբ է հետախուզում հայտարարվել: Ադրբեջանը դիմել է նաեւ Ինտերպոլ՝ Բիլզերյանին միջազգային հետախուզում հայտարարելու համար: Նա կարծում է, պատճառը իր հանրային կերպար լինելն է: «Կարծում են պատճառն այն է, որ ես հանրային կերպար եմ, իսկ ադրբեջանցիները փորձում են ինձ որպես օրինակ օգտագործել»,-հայտարարել է Բիլզերյանը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղքականապես մոտիվացված: Բիլզերյանն ասել է, որ մտադիր է դիմակայել մեղադրանքներին և հավելել է, որ այժմ կենտրոնացած է աշխատանքի վրա: «Ես մտադիր չեմ երբևէ այցելել Ադրբեջան», - հավելել է նա:
Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ: Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից: Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ: Նրանց հետ էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: