Արցախում ներքաղաքական կայունությունն ու դրան զուգահեռ խորը բարեփուխումներն ունեն կարևոր նշանակություն ու նպաստելու են Արցախի անվտանգության մակարդակի բարձրացմանը, ժողովրդավարացման գործընթացների շարունակականության ապահովմանն ու հասարակության միասնականության ամրապնդմանը:
Արցախում քաղաքական գործընթացների նոր մեկնարկը կարելի է կապել Բակո Սահակյանի հայտարարության հետ, որ նա չի մասնակցելու 2020թ.-ի ընտրություններին, ինչպես նաև ԼՂՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ: Ակտիվ ներքաղաքական պայքարը դեռ առջևում է` հասարակությունը սպասում է փոփոխությունների, դրական տեղաշարժերի բոլոր ոլորտներում, ինչը նաև կապում են ՀՀ-ում ամիսներ առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ:
Արցախում ներքաղաքական լուրջ գործոն է հանդիսացել ու հայտ է ներկայացրել մնալ այդ գործոնի դերում նախկին վարչապետ, այժմ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
Նրա գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցությունը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, իսկ 2020թ.-ին խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության հաղթանակի դեպքում Արայիկ Հարությունյանի շանսերը նույնպես կմեծանան` նա կունենա խորհրդարանական հենարան ի դեմս հաղթած կուսակցության:
Բացի այդ, Հարությունյանն ունի խոշոր բիզնեսներ Արցախում, տարիներ ի վեր աշխատել է վարչապետ, իսկ դա լրացուցիչ իմիջային, պիառ առավելություններ են ու վարչական ռեսուրսի ու ավելի լավ մեկնարկային հնարավորություններ` մյուս թեկնածուների համեմատությամբ:
Արցախում տեղի ունեցող իրադարձություններում ամենակարևորը անցնցում իշխանափոխությունն է ու ազատ, արդար ու հասարակության կողմից ընդունելի ընտրությունների անցկացումը` 2020թ.-ին հետընտրական ցնցումներից խուսափելու նպատակով:
Ինչ վերաբերվում է Արցախի ներքաղաքական կյանքի այլ գործոններին, ապա ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձն Արցախ նպատակ ունի վերահսկելու ու արբիտրի դեր կատարելու ԼՂՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներում: Հատկապես կարևոր են գեներալ Բաբայանի գիտելիքներն ու փորձը ռազմական ոլորտում` Ադրբեջանը չի սպասելու ու ակտիվորեն պատրաստվում է պատերազմի: Դեռևս պարզ չէ, թե ում է աջակցելու և ինչ ֆորմատով է իր մասնակցությունը բերելու «կոմանդույուշին» արցախյան ներքաղաքական իրադարձություններին, սակայն նրա ներկայությունն ու հասարակության շրջանում նրա հեղինակությունը սթափեցնող ու զսպող դերակատարում կունենան իշխանությունների համար:
Արցախում ներքաղաքական ցանկացած զարգացում պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում, հասարակությունը չի կարելի պառակտել ճամբարների` արտաքին հարձակման պարագայում դա ուղղակի կործանարար է, իսկ ընտրությունները պետք է անցնեն ազատ և թափանցիկ, որպեսզի հասարակության լայն շերտերի մոտ կասկածներ չմնան ընտրությունների լեգիտիմության առումով: Արցախի համար ժողովրդավարացման ճանապարհն այլընտրանք չունի, ինչի մասին խոսում են թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում: