Մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում․ Հասրաթյան
Մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ պատասխանելով հրամանատար Խագանի Ջաբրայիլովի՝ վերջերս արված հայտարարություններին:
"Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին "հերոսաբար" դիմագրավում իրենց "փառավոր" բանակը", - նշում է Հասրաթյանը:
Ինչպես նա հիշեցնում է, վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագորգոռ հայտարարությունը. "Բնականաբար առայսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ.... Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին..."
"Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով... Իսկ առայսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում պ-րն Ջաբրայիլով հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և 1992-ից 94 թվականներին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում", - ասվում է ՊՆ խոսնակի գրառման մեջ: