Անկարայի պատասխանը ԱՄՆ-ին՝ ամերիկյան մի շարք ապրանքների մաքսադրույքները կբարձրանան
Ի պատասխան ԱՄՆ գործողությունների, Թուրքիան բարձրացնում է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսադրույքները: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Այն այսօր՝ օգոստոսի 15-ին, տպագրվել է պաշտոնական տեղեկագրում, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մտել:
Խոսքը ամերիկյան ոգելից խմիչքների, մարդատար ավտոմեքենաների, թութունի, բրնձի, քարածուխի և դիմահարդարման պարագաների ներմուծման մաքսադրույքների մասին է:
«Անկարայի որոշումը պատասխան է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից թուրքական տնտեսության վրա գրոհին»,- Twitter իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայանը:
Հիշեցնենք, օգոստոսի 10-ին ԱՄՆ-ն բարձրացրել էր Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները, իսկ ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանվել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ: Վաշինգտոնի քայլերը պայմանավորված են Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու հետ: