ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ:
«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը, թերևս, եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են: Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է», - ասել է Փաշինյանը:
Ինչպես նա հավելել է, կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ, և կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի:
«Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք», - ասել է վարչապետը՝ բացառելով նման արատավոր գործելաոճի շարունակությունը: Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենը ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական:
Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նոր սփյուռքի դերին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջինս 80-ականների վերջերից սկսած մեծ գումարներ է ուղարկում Հայաստան՝ օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը գնահատելի է և կենսական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար: Վարչապետը Հայաստանի ժողովրդի և պետության անունից շնորհակալություն է հայտնել դրա համար և հավելել՝ պետք է այնպես անել, որ այդ գումարները ներդրվեն տնտեսական գործունեության մեջ:
«Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք և Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք և շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը: Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, մեր նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը լինի հնարավորինս լայն հասանելիության տիրույթում, ոչ թե նեղ շրջանակի համար: Գործարար դաշտը պետք է հասանելի լինի շատերին, և մենք այսօր կարողանում ենք դա ապահովել: Լսում ենք կարծիքներ, թե բիզնեսն ընդմիջում է վերցրել և սպասում է առաջիկա ընտրություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու, և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է և կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ: Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում է դաշտն ազնիվ, արդար դարձնել, կարգավորել նաև օրենսդրությունը: