Դեռևս վաղ է հայտարարել ԱՄՆ կողմից Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին. դեսպան
Դեռևս վաղ է հայտարարել ԱՄՆ կողմից նոր խոշոր ներդրումների մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ըստ նրա, կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր և ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքն ու հավասար պայմանների ապահովումը:
«Բայց դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»,- ընդգծեց նա:
Միլսն ասաց, որ ԱՄՆ գործարար համայնքի կողմից շատ են հարցումնե ստանում Հայաստանում առկա հնարավորությունների մասին: Ըստ նրա, պոտենցիալ ներդրողներին հատկապես հետաքրքրում է, թե որքանով է ՀՀ կառավարությունը հետամուտ կոռուպցիայի դեմ պայքարում, որքանով են օրենքի շրջանակներում ընթանում աղմկահարույց գործերի հետաքննությունները:
Բացի այդ, դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը դիտարկում է, թե ինչ միջոցներով կարող է աջակցել Հայաստանին: Նա պարզաբանեց, որ դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որն աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից:
Ի դեպ, դեսպանն անդրադարձավ նաև «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ ներդրողները ուշադիր գետևում են գործի ընթացքին.
«Կառավարության գործողությունները ինձ վստահություն են ներշնչում և ես ապագա ներդրումների մասով վստահ եմ», - նհավելեց դեսպանը: