«Let’s do պաչիկ»․ հումորային իրավիճակ Փաշինյանի մասնակցությամբ Բրյուսելում
Հուլիսի 11-ին Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ավարտին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Նկարահանված կադրերում երեւում է, որ ֆրանսիացի պաշտոնյաների հետ շփումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկին առաջարկել է` «Let’s do պաչիկ»։ Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հանդիպումից հետո համացանցում տարածված տեսանյութն ու, ինչպես ինքն է գրում` «Let’s do պաչիկ»–ի պատմությունը։
Փաշինյանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահն իրեն ներկայացրել է իր թիմի հայազգի անդամին: «Իմ հարցրին՝ հայերեն խոսու՞մ եք, Մակրոնի հայազգի աշխատակիցն ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է: Ես էլ ասացի. let’s do պաչիկ», – գրում է Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետի այս հումորին ներկաները բավական բուռն արձագանքեցին` ըստ արժանվույն գնահատելով այն։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է։ Այնտեղ նա կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։
Նախանշված է նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: