Ադրբեջանն Ուկրաինայից 10 Ան-178 ինքնաթիռ կգնի
Ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը հուսալի պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, որով պետք է 10 Ան-178 ինքնաթիռ առաքի այդ երկիր: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ալեքսանդր Դոնեցը՝ հավելելով, որ առաջիկա 5 տարում, բարենպաստ պայմանների դեպքում, ընկերությունը մտադիր է առնվազն 5-8 ինքնաթիռ արտադրել:
Ըստ նրա, սերիական Ան-178-ը կհագեցվի «Մոտոր Սիչ» ընկերության արտադրության Դ-436ՖՄ նոր շարժիչներով, հայտնում է LIGA.net-ը:
Դոնեցը նաև նշել է, որ Ադրբեջանի համար նախատեսված ինքնաթիռները կարտադրվեն, երբ ներկրվող մասերը լիովին փոխարինվեն տեղական արտադրության մասերով, և փորձարկումներից հետո:
«2 շաբաթ առաջ ադրբեջանական պատվիրակությունը եկել էր բանակցությունների: Նրանք շատ լավ են հասկանում իրավիճակը, գիտեն, որ չենք կարող կառուցել ու առաքել ինքնաթիռը ռուսական արտադրության մասերով: Նրանք ունեն այդ ինքնաթիռների կարիքը, ուստի պատվիրատուն պատրաստ է սպասել, երբ կավարտենք բոլոր մասերը տեղական արտադրության մասերով համալրելու աշխատանքը»,-ասել է Դոնեցը: