Արցախը ցանկանում է ընդլայնել միջազգային կապերը. խորհրդակցություն է Երեւանի հետ
Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը եւ Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տեղեկատվության բնագավառում գերատեսչությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։
Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման կարևորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։