Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, նրա որդին` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016-ին մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենա, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով:
Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10 մլն դրամին համարժեք 1,389 ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:
Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։
Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ Նա ձերբակալված է: