25.11.2024
Էրդողանը հաղթել է նախագահական ընտրություններում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանում 2 հայ պատգամավոր կլինի․ նախկինում երեքն էին

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:


2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:


Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը: Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:


Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:


Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ` Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով մեջլիսում չեն լինի:


Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ: