ՀՀ Ազգային ժողովի խմբակցույթունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց պատրաստակամությունն են հայտնում սկսել քննարկումները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
Հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:
Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):
Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան:
«Ծառուկյան» խմբակցություն՝ Նաիրա Զոհրաբյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան:
«Ելք» խմբակցություն՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, Գրիգորի Դոխոյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն՝ Արմեն Ռուստամյան, Սպարտակ Սեյրանյան, Լուսինե Հովհաննիսյան: