ԱԳ նախարարը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է ՀՀ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց հունիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Յոհանես Հանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանձնակատար Հանի բնորոշմամբ կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ: Նախարար Մնացականյանը հանձնակատար Հանին ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը եւ վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում բարեփոխումների գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերած շարունակական աջակցության համար:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց կառավարության ծրագրերը եւ գործունեությունը՝ ուղղված հետեւողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին կարեւորելով գործընկերների հետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակի։
Նախարար Մնացականյանը տեղեկացրեց կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ գերակայությունների հիման վրա ձեռնարկված քայլերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի շահերի պաշտպանությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ արվեց հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին:
Նախարար Մնացականյանը եւ հանձնակատար Հանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների եւ դրանց ուղղությամբ մոտեցումների, գնահատականների եւ դիրքորոշումների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ցուցաբերած հետեւողական աջակցության համար։