ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)
16.06.2018
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները բերման են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
ԶԼՄ-ները նշում են, որ ԱԱԾ աշխատակիցները դուրս են եկել ԵԿՄ-ի Էջմիածնի տարածքային գրասենյակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հետ:
Գրիգորյանին նրանք ուղեկցել են դեպի ավտոմեքենա եւ հեռացել: Սեյրան Սարոյանը նույնպես ցանկացել է գնալ Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ԱԱԾ-ականները թույլ չեն տվել:
Լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել:
Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է:
Հանրահավաքների կազմակերպիչն են Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։
Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություն էր սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Նման գործողություն է իրականացվել նաև Արթուր Ասատրյանի տանը:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»:
Ժամեր առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաեւ քրեական հեղինակություն Դոն Պիպոյին՝ Արթուր Ասատրյանին: