ԱԻՆ փրկարար ծառայության 90 ծառայող 11 ծրագրով կվերապատրաստվի ՌԴ-ում
Հայաստանի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գործող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» (ՀՌՄԱԿ) այս տարվա ուսումնական պլանի համաձայն, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 90 ծառայող 11 ծրագրով կվերապատրաստվի Ռուսաստանում, 174 փրկարար 16 ծրագրով՝ կենտրոնում՝ Ռուսասատանից ժամանած մասնագետների օգնությամբ: Այս մասին տեղեկանում ենք «911 Արտակարգ թերթից»:
Վերապատրաստման դասընթացների թեմաները ընտրում են Հայաստանի մասնագետները՝ ըստ մեր փրկարարների կարիքների եւ առաջնահերթությունների: Դասընթացներում հիմնականում ներգրավվելու գործող ուժի՝ հրշեջ-փրկարարական ջոկատների ծայառողները: Կլինեն նաեւ դասընթացներ ղեկավար կազմի համար:
«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Էդուարդ Յաշչյանի խոսքով, մայիսի 30-ից հունիսի 8-ը կենտրոնում անցկացվել է այս տարվա առաջին դասընթացը, որին մասնակցել է 20 փրկարար՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից եւ Հայաստանի բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Դասընթացն անցկացրել են Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման հարցերի նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի չորս դասախոս:
Վերապատրաստման թեմաներն էին. «Տեխնածին փլատակներում վթարափրկարարական եւ անհետաձգելի այլ աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Որոնողափրկարարական աշխատանքներում արբանյակային կողմնորոշման միջոցների օգտագործում, ռադիոկապի կազմակերպում եւ իրականացում»: Եղել են տեսական եւ գործնական դասեր: Վերջում վերապատրաստված փրկարարները ստուգարք են հանձնել: