27.11.2024
Սյունիքի ու Արմավիրի նոր մարզպետները հայտնի են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից հեռանա, այնտեղ կմնան քարտուղարուհին, պահակը և հավաքարարը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ եւ վերահսկել ու ուղղորդել իր կուսակիցների մեծ մասի վարքը: Չնայած հեղափոխությունից 2-3 օր անց՝ ապրիլի 25-ին, խոսվում էր նրան ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը ՀՀԿ ղեկավար մարմիններում քննարկելու մասին, սակայն այդ պրոցեսը կարծես կասեցվել է: Հենց Սարգսյանը ոտքը քաշեց կուսակցությունից, այդ կառույցում կսկսվեն «սողանքային» ակտիվ գործընթացներ, եւ բացի մի քանի հավատավոր ՀՀԿ-ականից, այդ կառույցում, ինչպես կանխատեսում են ոմանք, «կմնան գրասենյակի քարտուղարուհին, պահակն ու հավաքարարը»: Երեկ, սակայն, երբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի մշտապես բազմազբաղ նախագահ Ռուբեն Թադեւոսյանին հարցրինք, թե երբ են պատրաստվում փոխել ՀՀԿ նախագահին, նա կտրուկ արձագանքեց. «Այս պահին նման հարց մեր օրակարգում դրված չէ: Զբաղված եմ, այսքանը»: Իսկ եթե այդ հարցն օրակարգում դրված լիներ, ո՞վ էր լինելու Սարգսյանից հետո երկրորդ «հարգապատիվը», որին կվստահվեր օրըստօրե թեթեւացող շարքերով, իսկ նախկինում 156 հազարանոց ՀՀԿ-ի նախագահությունը: Նկատենք նաեւ, որ մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը, խոսելով արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ի ռեսուրսների մասին, ասել էր, թե ՀՀԿ-ի ռեսուրսն «իր անցած փառահեղ ուղին է, իր լիդերը, իր պրոֆեսիոնալ թիմը, որը ոչ մեկ չունի»։ Այսինքն՝ մինչեւ գալիք ընտրություններ պետք չէ ակնկալել, որ Սարգսյանն իր նախկին պաշտոնների ցանկը կհամալրի «ՀՀԿ նախկին նախագահ»-ով»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կնշանակվի այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանը: Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր: Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Իսկ ինչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին: Այս ընտրության հետևում չկա որևէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը և Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, և Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ դառնալու հավակնություններ ունի Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը: Նման հավակնություններ ուներ նաև «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Մերուժան Սիմոնյանը, սակայն վարչապետ Փաշինյանը դեմ էր եղել այդ թեկնածությանը՝ պատճառաբանելով, որ Սիմոնյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն: Համբարձումյանը անցյալ տարի առաջադրվել էր Սիսիանի քաղաքապետի թեկնածու, բայց որպես թեկնածու չմասնակցեց ընտրությանը՝ ինքնաբացարկ ներկայացնելով: Սյունիքի մարզը ևս հանձնվել է ԲՀԿ-ին, և ինչպես բոլոր մարզերում, մարզպետը պետք է լինի մի մարդ, ով կկարողանա պայքարել մարզն իրենց սեփականությունը համարող ֆեոդալական կլանների դեմ: Սյունիքի դեռևս գործող մարզպետ Վահե Հակոբյանը արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել այդ պաշտոնը, ինչից կարելի է հետևություն անել, որ նա պատրաստվում է մարզը անջատել Հայաստանից, ինչի դեպքում է միայն հնարավոր Հայաստանի նոր կառավարության իրավասության դադարեցումը մարզի վրա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե միանգամայն նորմալ է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր ծրագրում կոնկրետ թվեր չի խոստացել: «Այնտեղ հիմնական ամբողջ ծրագրի փիլիսոփայությունն է ներկայացվում, հիմնական ուղենիշ ներկայացված է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքար, իշխանության եւ սեփականության կամ բիզնեսի եւ կառավարության տարանջատում: Այդ ամենը, ինչ ամրագրված է, ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ծրագիր է: Ինձ համար դա է ընդունելի: Հանկարծ եթե թվեր դրվեր, ապա ես ինքս իմ դժգոհությունը կհայտնեի, որը կարող էր իմաստազրկել այսօրվա կառավարության ծրագիրը»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Փաշինյանի կառավարության ծրագրի հասցեին ՀՀԿ-ականների քննադատություններին, Խաչատրյանը նշել է. «Իրենց պահվածքը հուշում է, որ արդեն քաղաքական ուժ կոչվելու իրավունքն են կորցնում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Կոտայքի մարզպետ նշանակվեց «ՔՊ» երիտասարդներից Ռոմանոս Պետրոսյանը, սակայն ասում են՝ մարզպետարանի կադրային քաղաքականության հարցում վճռորոշ դերակատարում ունի Սասուն Միքայելյանը։ Լուրեր են շրջանառվում, որ նրա ջանքերով «Սասուն» ջոկատի անդամ Վաչիկ Վարդանյանի (Կյաժ Վաչոյի) որդին` Վասակ Վարդանյանը, ով Հրազդանի ավագանու անդամ է եղել, շուտով կնշանակվի Կոտայքի փոխմարզպետ։ Բացի դա, Միքայելյանն իր փոքր որդուն` 25-ամյա Սեւակին, ուզում է դարձնել Հրազդանի քաղաքապետ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական պատգամավորների համար առանձնահատուկ օր էր: Նախկինում միայն Սերժ Սարգսյանին հաճոյանալու եւ ՀՀԿ-ին օգնելու համար էին կոճակ սեղմող պատգամավորները երկար ժամանակ մնում խորհրդարանում, իսկ երեկ էլ ստիպված էին այդպես վարվում արդեն Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար: Սակայն այդ նույն գործարարներն ու կոճակ սեղմողներն իրենց համար զբաղմունք էին գտել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղ առավոտից մեծ թվով պատգամավորներ իրենց օրը սկսեցին եւ ավարտեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակում, ում տանն էլ նաեւ օրեր առաջ հավաքվել էին արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ընդմիջումից ընդմիջում Արայիկ Գրիգորյանի սենյակակիցներն այնտեղից դուրս էին գալիս ալկոհոլ օգտագործած վիճակում. ի դեպ, Գրիգորյանը միանգամից երեք աշխատասենյակ է զբաղեցնում երկրորդ հարկում. միջանցքի վերջում Գրիգորյանի հյուրերը երեկ մեծ թիվ էին կազմում՝ Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Նահապետ Գեւորգյան, Արտակ Սարգսյան եւ այլք: Ընդ որում` ընդմիջումից ընդմիջում նրանք չէին փոխվում: Եվ այդ նույն մարդիկ մինչեւ վերջ մնացին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից․ «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանորոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար․ սաունաներ են, լողավազաններ, մարզասրահներ։ Ճաշարան չունենք, օդափոխության համակարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած՝ բաց տարածքում»։ Կարո՞ղ է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզիդենցիայից» մեկը՝ Բաղրամյան 26-ը, տրամադրի ձեզ։ «Ոչ, Արմեն Սարգսյանը չի նախընտրում Բաղրամյան 26-ը, համարում է, որ այնտեղ աուրան շատ ծանր է, գտնում է, որ այստեղ աուրան լավն է, մանավանդ որ շենքը գտնվում է Մատենադարանի կողքին։ Նախագահը պարզապես ցանկանում է, որ բյուջեից փող հատկացվի շինարարության համար, որ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն»։


«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Փամբուխչյանը հատկապես «ֆեյսբուքահայությանը» քաջ հայտնի է որպես բավական ակտիվ օգտատեր: Սակայն քչերն են տեղյակ, որ նա պետական աշխատանքի է անցնում ֆինանսական ոլորտից. Փամբուխչյանն աշխատել է վարկային կազմակերպություններից մեկում՝ զբաղեցնելով բավական լուրջ պաշտոն և ստանալով բարձր աշխատավարձ: Մեր տեղեկություններով, նման կարգավիճակն ու աշխատավարձը թողնելու և վարչապետի առաջարկն ընդունելու պատճառն այն է, որ Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, և որոշում կայացնելու համար առաջնային է եղել հանուն երկրի շահերի՝ թիմի կողքին լինելու կարևորությունը»: